Ռուսաստանում մեկ օրում COVID-19-ից մահացածների թվի ռեկորդ է գրանցվել
Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի 85 տարածաշրջաններում կորոնավիրուսային վարակից մահացել է 320 հիվանդ: Այդ մասին հայտարարել է վարակի տարածման դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբը: Սա ռեկորդային ցուցանիշ է երկրում կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր. նախորդ առավելագույնը գրանցվել է հոկտեմբերի 21-ին. այն ժամանակ հաղորդվել է 317 մահացածի մասին:
Վերջին տվյալների համաձայն, մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 16 հազար 550 նոր դեպք, ընդամենը երկրում կորոնավիրուսով վարակվել է 1 մլն 547 հազար 774 մարդ: Նրանցից 26 հազար 589-ը մահացել է, 1 մլն 158 հազար 940-ը՝ ապաքինվել: Աշխարհում COVID-19-ով հիվանդացածների թիվը գերազանցել է 42,7 միլիոնը, ավելի քան 1,1 մլն մարդ մահացել է: Հիվանդությունն առավել շատ տարածված է ԱՄՆ-ում, Հնդկաստանում եւ Բրազիլիայում: Ռուսաստանը գտնվում է չորրորդ հորիզոնականում, նրանց հաջորդում են՝ Ֆրանսիան, Արգենտինան եւ Իսպանիան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: