Թուրքիան առաջնորդվում է Օսմանյան կայսրության վերականգնման ռազմավարությամբ. Ֆրանսիայի ԳՇ նախկին պետ
Ֆրանսիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Պիեռ դե Վիլյեն ընդգծել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռազմատենչ քաղաքականությունը գնալով ավելի մեծ անհանգստություն է առաջացնում, հատկապես այն ֆոնին, որ Թուրքիան դադարում է աշխարհիկ երկիր լինելուց։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ Պիեռ դե Վիլյեն նման կարծիք է հայտնել BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Էրդողանի Թուրքիան այժմ, ըստ իր հայտարարությունների, առաջնորդվում է Օսմանյան կայսրության վերականգնման ռազմավարությամբ։ Եվ այդ մանիֆեստը Թուրքիան մարմնավորում է ռազմական բնույթի համապատասխան ժեստերով։ Օրինակ ՝ քրդերի ոչնչացումը Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում նրանց գործողությունները», – նշել է գեներալ Պիեռ դե Վիլյենը։
Նրա խոսքով՝ մի օր միջազգային հանրությունը, և Ֆրանսիան, մասնավորապես, պետք է դրան վերջ դնեն։
«Մենք չենք կարող համաձայնել, որ Թուրքիայի պես երկիրը, որի՝ ԵՄ – ին անդամակցելու շուրջ բանակցությունները մինչ օրս պաշտոնապես ավարտված չեն, շարունակի նման հռետորաբանությունն ու նման գործողությունները ՝ լինելով ՆԱՏՕ-ի անդամ», – ընդգծել է դե Վիլյենը։
Գեներալի համոզմամբ՝ ներկա իրողություններում «բարեկամներ» և «թշնամիներ» հասկացությունը միջազգային ասպարեզում լղոզվել է, և այդ ֆոնի վրա Ֆրանսիային հատկապես հստակ դիրքորոշում է պետք նրանց կողմից, ովքեր հայտարարում են ահաբեկչության եւ արմատական իսլամիզմի դեմ պայքարին աջակցելու մասին:
«Թուրքիան նրանց թվում է, ովքեր աջակցում էին իսլամիստներին ։ Նա ֆինանսավորել է նման շարժումներից մի քանիսը, և այդ մասին շատ լավ հայտնի է ։ Կարծում եմ, որ Թուրքիան այլեւս աշխարհիկ պետություն չէ, այն ակնհայտորեն իսլամիստական երկիր է։ Եվ հեռու չէ իսլամիստներից։ Դա ինձ հատկապես անհանգստացնում է», – հավելել է նա։