Ռուսաստանի գործողությունները կարևոր են․ Սկակով

Արդեն 25 օր է, ինչ Արցախյան հակամարտության գոտում աննախադեպ ծավալի ու ինտենսիվության մարտական գործողություններ են ընթանում, և ԵԱՀԿ Մինսկի խումբը, դրա առաջատար և ակտիվ համանախագահ երկրների դիվանագիտական ջանքերն ի զորու չեն փոխել իրավիճակը ռազմաճակատում։

ԵԱՀԿ Մինսկի խումբը, մասնավորապես՝ Ռուսաստանը, շարունակում են միջնորդական ջանքերը՝ ուղղված Արցախյան հակամարտության գոտում հրադադարի հաստատմանը, իսկ Թուրքիան՝ ի դեմս նախագահ Էրդողանի, շարունակում է քաջալերել Ադրբեջանի նախագահին՝ շարունակել մարտական գործողությունները։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա սրումը կանխելու և բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսելու ուղղությամբ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին։ Երկու նախագահներն էլ ընդգծել են պատերազմող կողմերի` հոկտեմբերի 10-ին և 17-ին ձեռք բերած հրադադարի պայմանավորվածությունները պահպանելու կարևորությունը: Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում գործել համատեղ ջանքերով և շփվել տարբեր մակարդակներով։

Ինչպես այսօր հաղորդեց ՌԴ ԱԳ նախարարությունը, ի հավելումն վերջին շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցների՝ Մոսկվայում հոկտեմբերի 20-ին և 21-ին տեղի են ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումները ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ Մոսկվայում: Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունների անհետաձգելի հարցերն և համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը վերաբերող թեմաներ: Ինչպես հայտնի է, հրադադարի պայմանավորվածությունը ձեռք բերվեց հոկտեմբերի 9-ին Մնացականյան-Լավրով-Բայրամով 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում, սակայն չպահպանվեց նույնիսկ երկու անգամ՝ հոկտեմբերի 10-ին և 17-ին, հայտարարելուց հետո։

Այս օրերին ակտիվորեն քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպումը Մոսկվայում, քանի որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպել, սակայն հստակ ժամկետներ նման հանդիպման կազմակերպման վերաբերյալ դեռ հայտնի չեն:

Զուգահեռաբար՝ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն է հանդիպումներ ունենալու ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, որտեղ նախատեսվում են նրա հանդիպումները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

«Եթե գնամ Բրյուսել, կցանկանամ խոսել ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ, թե ինչո՞վ է պայմանավորված այս շատ տարօրինակ իրավիճակը, երբ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ Թուրքիան ներքաշվում է մի պատերազմի մեջ, որը ոչ մի կապ չունի ՆԱՏՕ-ի հետ: Ինչպե՞ս է պատահում, որ ՆԱՏՕ-ի անդամը գործում է այդքան ազատ, իսկ ՆԱՏՕ-ն ոչինչ չի ձեռնարկում: Արդյո՞ք սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն նրա առաջ կանաչ լույս է վառել»,- օրերս POLITICO-ին տված հարցազրույցում ասել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Ընդհանուր առմամբ դիվանագիտական ակտիվության՝ հեռախոսազանգերի, հայտարարությունների, նախարարական հանդիպումների, ելույթների, պակաս հակամարտությունն այս օրերին չունի, սակայն դա ակնհայտորեն քիչ է ներկայումս ազդում հակամարտության գոտում իրերի դրության վրա, և, ինչպես պատերազմի առաջին օրերին, այնպես էլ՝ այսօր հայաստանյան հանրությանն առավելապես հետաքրքրում է, թե ինչ կոնկրետ քայլերի է պատրաստ Ռուսաստանը՝ լինելով ՀՀ ռազմավարական դաշնակից, անվտանգության երաշխավոր և ԵԱՀԿ ՄԽ առանցքային համանախագահ երկիր։ Մինչ այս պահը Հայաստանը պաշտոնապես որևէ օգնություն չի խնդրել Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս տված հարցազրույցում ասաց, որ Ռուսաստանը լեգիտիմ իրավունք և հիմքեր ունի, որպեսզի արձագանքի այդ իրավիճակին (ահաբեկիչների ներկայությանն Ադրբեջանի կողմում հակամարտության գոտում), նա նաև խոսել էր հակաահաբեկչական օպերացիայի մասին։

«Չգիտեմ, միգուցե Ռուսաստանի կառավարությունում կամ հատուկ ծառայություններում քննարկվո՞ւմ է հենց տեղում հակաահաբեկչական օպերացիա ձեռնարկելու հնարավորությունը»,- ասել էր Փաշինյանը։

168am-ի հետ զրույցում ռուս արևելագետ, քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը նախ ասաց, որ պատերազմը կանխատեսելի էր, սակայն կոնկրետ տվյալ իրավիճակում ակնհայտ էր, որ Ադրբեջանին պատերազմական գործողությունների հրահրեց Թուրքիան։

Ըստ նրա՝ Թուրքիան մի քանի ճակատով ջանում է առաջ տանել իր շահերը` վերածվելով տարածաշրջանային տերության, ներկայություն ունենալով Սիրիայում, Լիբիայում, Կիպրոսում, Իրաքում, Հայաստանում և Ղարաբաղում։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, նրա խոսքով, ռազմական գործողությունների դադարեցումը բխում է Ռուսաստանի շահերից, և հասկանալի է, որ այս իրավիճակում այլ բան սպասելը բարդ է։

«Ինչպես տեսնում ենք, ռուսական կողմն աշխատում է բանակցություններն ակտիվացնելու, վերսկսելու ուղղությամբ, և կարծել, որ դրանք միանգամից սկսվելու են մաքուր էջից, սխալ կլիներ, բայց դա ևս այդքան էլ չի ստացվում այս պահին։

«Որքան երկար է ընթանում պատերազմը, այնքան ավելի մեծ վնաս է տալիս Ռուսաստանի հեղինակությանը և դիրքերին տարածաշրջանում ընդհանուր առմամբ։ Այսինքն՝ հարցն այսպես է դրված՝ կարո՞ղ է Ռուսաստանը դադարեցնել այս տարածաշրջանում ռազմական գործողությունները, թե՞ չի կարող։ Եթե չի կարող, ապա պետք է ֆիքսել, որ այլևս չի լինելու այն առաջատար երկիրը, այնպիսի դիրքեր ունեցող երկիր, որը կար մինչ այս ամենը։ Ուստի Ռուսաստանի գործողությունները կարևոր են։ Թուրքիան ցանկանում է տարբեր քեյսեր ունենալ, որպեսզի կարողանա առևտուր անել մեկ քեյսում՝ մյուսի հաշվին, այսինքն՝ մի բան Լիբիայում է ստանում, մի բան՝ Սիրիայում, ինչ-որ բան զիջում է Լիբիայում և ինչ-որ բան ստանում Կովկասում։ Սրանով նա տարբեր խաղացողների հետ է առևտուր անում և առաջ է մղում իր շահերը՝ կա՛մ այստեղ, կա՛մ այնտեղ, ըստ իրավիճակի և անհրաժեշտության։ Ռուսաստանի ջանքերը հաջողությամբ չեն պսակվում, քանի որ դեռ Ադրբեջանը զգում է կամ կարծում, որ առավելություն ունի և կարող է շարունակել պատերազմը և հասնել առավելության այս հարցով»,- ասաց Սկակովը։

Խոսելով հակաահաբեկչական օպերացիա անցկացնելու հավանականության մասին՝ Սկակովն ասաց, որ ահաբեկիչներ կան շատ տարածաշրջաններում, և դա հիմք, փաստարկ չէ նման օպերացիայի համար, խոսքը ոչ այնքան ահաբեկիչների, Հայաստանի մասին է, որքան Ղարաբաղի, որը չճանաչված է։

«Սպասել Ռուսաստանից ավելին, քան ինքնին Հայաստանից, բարդ է։ Ուստի այս դեպքում, եթե Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ինչը հնարավոր է իրավիճակի վատթարացման պարագայում, ապա ուղիղ հակամարտություն կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, և իրավիճակը կփոխվի՝ իր բոլոր հետևանքներով, ՀԱՊԿ-ով և այլն, իսկ մինչ այս պահը Հայաստանի մասնակցությունն այս ամենին անուղղակի է և գործողությունների համար հիմք չէ։ Հնարավոր է ապագայում աշխարհագրության ընդլայնում, որը կարող է հիմք լինել ՌԴ արձագանքի համար։ Բայց քաղաքական գործընթացներ են ընթանում․ ոչ միայն Ռուսաստանին, այլև Իրանին պետք չէ ադրբեջանաթուրքական ռազմական միության ամրապնդում իր սահմանների մոտ, ուստի դեռ ամեն ինչ արագ է փոխվում, և չենք կարող կոնկրետ նշել, թե ինչպես կզարգանան իրավիճակները»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս