«Ղազանչեցոց եկեղեցում հաջորդ անգամ կնվագեմ մեր հաղթանակից հետո, այնտեղ հաղթական երաժշտություն պետք է հնչի». Քամանչահար

Քամանչահար, գեղանկարիչ, գործիքներ պատրաստող վարպետ Հակոբ Խալաթյանը 2016 թվականից Արցախի Հանրապետության մշակույթի նախարարի հրավերով գտնվում է Արցախում՝ արցախցիների համար քամանչայի վարպետաց դասեր անցկացնելու և նվագարանին վերաբերող բոլոր նրբություններին ծանոթացնելու համար։ Այսօր էլ, երբ Արցախը դարձել է թուրք-ադրբեջանական ահաբեկչության թիրախ, երաժիշտը չի լքել Ստեփանակերտը՝ մեկ՝ ապաստարաններում է, մեկ՝ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում՝ քամանչա է նվագում։ Ասում է՝ մի կողմից՝ ուզում է արցախցիների ոգին բարձր պահել, մյուս կողմից՝ եկեղեցուց ի լուր աշխարհի ասել՝ հայն իր մշակույթով, հավատով ու սիրով խաղաղություն կբերի բոլորին։

«Իմ ֆրանսահայ բարեկամ Միքայել Խաչիկյանն օրեր առաջ զանգահարեց ինձ ու տեղեկացրեց, որ ֆրանսիացիներից կազմված խումբ է ժամանելու Արցախ, որտեղ կան նաև լրագրողներ, ասաց, որ պետք է Արցախի մասին նկարահանումներ լինի՝ այօրվա իրավիճակի հետ կապված։ Ղազանչեցոցում նվագելը Միքայելի առաջարկն էր, որը տեսագրվեց և ըստ էության կցուցադրվի նաև Ֆրանսիայում։ Այնտեղ նվագել եմ Գուրգեն Գաբրիելյանի «Գանձասարը»»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Խալաթյանը։

Ըստ նրա՝  այսօր, բացի ճակատում ընթացող ռազմական գործողություններից,  տեղի է ունենում նաև տեղեկատվական պատերազմ, դրա վառ ապացույցն այն է, որ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում, երբ բելգիահայ երաժիշտ Սևակ Ավանեսյանը նվագեց «Կռունկը», Ադրբեջանում վայնասուն բարձրացրեցին ու որոշեցին հետ չմնալ՝ վերցրեցին ինչ-որ քամանչահարի, տարան Գյանջայի ինչ-որ ավերակների մոտ ու հրահանգեցին նվագել՝ ի ցույց աշխարհի, թե՝ տեսեք, հայերը հարվածել են Գյանջային։

«Այստեղ արվեստների հակադրում է տեղի ունենում, դե, ես փաստերով կարող եմ իրենց ապացուցել, որ այն, ինչ իրենք խոսում են թառի ու քամանչայի մասին, իրականությանը չի համապատասխանում։ Չնայած իրենք էլ գիտեն, որ  կեղծիք են տարածում։ Հիմա իմ ելույթը Սուրբ Ղազանչեցոցում նաև յուրօրինակ ակցիա էր, որ հայոց եկեղեցիներում հնչում է հայկական նվագարանը։ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում հաջորդ անգամ կնվագեմ մեր հաղթանակից հետո, այնտեղ հաղթական երաժշտություն պետք է հնչի։ Համերգներ, անշուշտ, կունենամ Արցախի ամեն անկյունում, երբ ավետվի հաղթանակի լուրը։ Բայց այս պահին նվագելու եմ միայն ապաստարաններում գտնվող արցախցիների համար, թնդանոթների ձայնի փոխարեն՝ նրանք պետք է լսեն քամանչայի հնչյունները»,- ասաց քամանչահարը։

Նրա խոսքով՝ այս ընթացքում միայն մեկ անգամ է լքել Արցախը՝ պատճառն էլ ոչ թե պատերազմն է եղել, այլ պետք է շտապ գար Երևան կարճամետրաժ ֆիլմում նկարահանվելու համար։

«Ֆիլմի նկարահանումից անմիջապես հետո վերադարձա Արցախ, որովհետև այնտեղ այլևս անելու բան չունեմ, իմ աշխատանքն այստեղ է, ես այստեղի աշխատող բնակիչ եմ։ Երևանում, բացի ընտանիքիցս, ոչինչ չկա, եթե մնայի այնտեղ, ավելի անհանգիստ կլինեի՝ Ստեփանակերտում ավելի հանգիստ եմ»,- շեշտեց նա։

Քամանչահարը վստահեցնում է՝ այս ընթացքում, բացի վարպետաց դասեր անցկացնելուց, քայլեր է ձեռնարկել՝ լուծելու նաև գործիքաշինության հարցերը, քանի որ ժամանակին Արցախը, մասնավորապես՝ Շուշին եղել է թառի ու քամանչայի պատրաստման հայրենիք։

«Շուշին է եղել հենց այն դարբնոցը, որտեղ պատրաստվել են քամանչաներ ու թառեր, նաև նշանավոր նվագածուները եղել են շուշեցիներ։ Դե հասկանալի պատճառներով Խորհրդային Միության տարիներին սահմանները բաժանվեցին, ու բոլոր վարպետները մնացին մյուս կողմում, ստացվեց, որ մեր բոլոր հայ վարպետները «դարձան» Ադրբեջանի վարպետներ։ 1990-ականներին էլ, արդեն պարզ է, վարպետներից ոմանք մահացան, ոմանք՝ գնացին։ Ինչևէ, այսօր էլ պետք էր լուծել գործիքաշինության հարցը, Ստեփանակերտում հանդիպեցի վարպետ Գարեգինին, որը երևանաբնակ Դավիթ Գրիգորյանի հովանավորությամբ երեխաները սկսեցին սովորել պատրաստել քամանչա, բայց մեր գործը կիսատ մնաց, քանի որ մարտից հայտնվեց  կորոնավիրուսը, իսկ այսօր էլ պատերազմն է մեզ խանգարում։ Այդուհանդերձ, մենք հավատով սպասում ենք, որ մենք շարունակելու ենք կիսատ թողած գործը»,- եզրափակեց քամանչահարը։

Տեսանյութեր

Լրահոս