Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական օպերացիա հնարավոր է մի դեպքում․ Ստանիսլավ Տարասով

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմամբ, չեմ հավատում, որ գործընթացը միանգամից առաջ կգնա, սակայն ներկայումս առաջնահերթ խնդիրը պատերազմն ու արյունահեղությունը կանգնեցնելն է»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությանը, որ ՌԴ-ն լեգիտիմ իրավունք ունի հակաահաբեկչական օպերացիա իրականացնել Ղարաբաղում։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով` Ռուսաստանի Դաշնությունն այս պահին լեգիտիմ իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հակաահաբեկչական գործողություն իրականացնելու, քանի որ սիրիական ահաբեկչական խմբավորումների զինյալները, որոնք այս պահին Ադրբեջանի կողմից մասնակցում են ԼՂ-ի դեմ պատերազմում, անմիջական վտանգ են ներկայացնում Ռուսաստանի համար: Այս մասին Փաշինյանն ասել էր նախօրեին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում` անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ Ռուսաստանը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքից, մասնավորապես՝ Սիրիայից և Լիբիայից Լեռնային Ղարաբաղի գոտի զինյալների տեղափոխման վերաբերյալ հաղորդագրությունների կապակցությամբ:

«Չի կարող պատահականություն լինել այն, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի սկսվելուց, էսկալացիայից հետո, այն հաղորդագրություններից հետո, որ ահա այդ վարձկանները մասնակցում են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին, կա տեղեկատվություն, այդ թվում՝ արաբական երկրների զանգվածային լրատվության միջոցներում, որ որոշ խմբավորումներ ջախջախվել են մարտի դաշտում, ցրվել են տարբեր կողմեր: Ինձ համար ակնհայտ է, որ Սիրիայից այն զինյալները, այդ ջախջախված խմբավորումների որոշ մասերը կամ առանձին դեմքերն ուղղակիորեն տեղափոխվում են Ռուսաստան, որովհետև կարծում եմ, որ նրանք Ռուսաստանը նույնպես համարում են թշնամի, ինչպես Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը: Հարցն այն է, թե ինչպես կշարունակվի այս ողջ գործընթացը: Արդյո՞ք Ռուսաստանը կսպասի, որպեսզի այս բոլոր տարրերը տեղափոխվեն Ռուսաստանի տարածք, և այնտեղ իրականացնեն հակաահաբեկչական արշավ կամ հակաահաբեկչական գործողություններ: Չգիտեմ, միգուցե Ռուսաստանի կառավարությունում կամ հատուկ ծառայություններում քննարկվո՞ւմ է հենց տեղում հակաահաբեկչական օպերացիա ձեռնարկելու հնարավորությունը»,- նշել է Փաշինյանը: «Նաև Լեռնային Ղարաբաղում» լրագրողի դիտարկմանը Փաշինյանը պատասխանել է. «Եվ նաև Լեռնային Ղարաբաղում: Ռուսաստանը հակաահաբեկչական գործողություններ է ձեռնարկել Սիրիայում, որը բավական հեռու է Ռուսաստանից: Որովհետև այնտեղ սիրիացի զինյալների և ահաբեկիչների գործողություններն ուղիղ սպառնալիք էին ներկայացնում Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Այժմ արդեն ռուսաստանյան փորձագետները, ես, իհարկե, չգիտեմ, թե որքանով է ճիշտ այս հաշվարկը, ասում են, որ նրանք գտնվում են Ռուսաստանի սահմանից մոտ մինչև 80 կմ հեռավորության վրա: Սա արդեն բոլորովին այլ իրավիճակ է: Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանը լեգիտիմ իրավունք և հիմքեր ունի, որպեսզի արձագանքի այդ իրավիճակին»,- ասել էր վարչապետը:

Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ահաբեկիչների ներկայության մասին  հակամարտության գոտում խոսել են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, հերքում են Ադրբեջանը և Թուրքիան, ու եթե այս երևույթը սկսի կրել կազմակերպված, մշտական և մասսայական բնույթ, ապա  Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել, ի դեպ, ոչ միայնակ, այլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հետ։ Այսինքն, նրա կարծիքով՝ նման օպերացիա հնարավոր է համապատասխան հիմքերի դեպքում։ «Ի դեպ, կարելի է այս ուղղությամբ նաև բանաձև ընդունել ՄԱԿ ԱԽ-ում համապատասխանաբար և տեղակայել խաղաղապահ կորպուս, խաղաղություն պարտադրել, պատերազմ սկսել, արգելափակել համապատասխան ստորաբաժանումներին, ամեն ինչ է հնարավոր»,- ասաց Տարասովը։  Նրա կարծիքով՝  Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Մոսկվայում հանդիպելու հնարավորության դիտարկումը նշանակում է, որ Ադրբեջանի նախագահի նկատմամբ որոշ ճնշումներ աշխատում են։ «Երբ Ֆրանսիայի խորհրդարանում խոսում են Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին, ֆրանսիացիներն իսկապես կարող են ճանաչել, Ալիևի հանդիպման համաձայնությունը նշանակում է, որ ցանկանում է խոչընդոտել ֆրանսիական գործընթացին  և հայտարարում է ֆրանսիացիներին կողմ, որը խոչընդոտում է  կարգավորմանը։ Սա այդ առումով նման է 2016 թվականին, երբ ամերիկացիներն Ադրբեջանին ստիպում էին ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Դա Ադրբեջանի նկատմամբ ճնշման միջոց է»,- ասաց քաղաքագետը՝ շարունակելով, որ  ղեկավարների հանդիպումը հնարավոր է։ Սակայն վերլուծաբանը չի հավատում, որ միանգամից մեծ առաջընթաց է լինելու։ Նրա համոզմամբ՝ գլխավորը կանգնեցնելն է պատերազմը, արյունահեղությունը, քանի որ բանակցել և միմյանց սպանել հնարավոր չէ։  «Պետք է նախ՝ պայմանավորվել հրադադարի շուրջ,  քանի որ ձևավորվել է շփման նոր գիծ, կճանաչվի՞ արդյոք այն հայկական կողմից,  չի՞ ճանաչվի, ինչպիսի՞ համաձայնությունների են գալու, ինչպե՞ս է զարգանալու իրավիճակը։ Սրանք բոլորը հարցեր են»,- ասաց նա։

Հարցին, թե ինչ կարող է փոխել ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի նախաձեռնությունը հանդիպել հակամարտող երկրների ԱԳ նախարարների հետ, Տարասովն ասաց, որ  այդ նախաձեռնությունը ոչինչ չի փոխի, Ղարաբաղյան ուղղությամբ իրենք խնդիր չունեն ամերիկացիների հետ։ «Ամերիկացիներն աջակցեցին մոսկովյան հանդիպմանը, հիմա էլ մենք ենք իրենց աջակցում, հիմա հանդիպումներ և այլն, ոչ այնքան կարևոր բաներ են, կարևորը՝ ինչպես են գործելու համանախագահ երկրները կոնկրետ, քանի որ պատերազմ է, մարդիկ են մահանում, և դա պետք է դադարեցնել։ Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից միայն մեկն է, պետք է բոլորը գործեն։ Իրավաբանորեն մենք ճիշտ եք գործում»,- ասաց Տարասովը։

Տեսանյութեր

Լրահոս