
Արտակ Բեգլարյանը փակ զեկույց է կազմել Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը փակ զեկույց է կազմել Ադրբեջանում հայ գերիների և զոհված հայ զինծառայողներին մարմինների հանդեպ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ: Այս մասին Բեգլարյանն ասաց հոկտեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Վերջին օրերին սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տեսանյութեր են տարածվում հայ զինծառայողների դիակների ու հայ գերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ: Տեսանյութի մասով համապատասխան փորձագիտական աշխատանք ենք կատարել: Փակ զեկույց է կազմվել, որն արդեն ուղարկվել է միջազգային հարթակներ»,- ասաց Բեգլարյանը:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ միջազգային հանրությունը պետք է գործնական քայլեր ձեռնարկի` հետագայում նման անմարդկային դեպքերը կանխարգելելու ուղղությամբ:
«Ադրբեջանի ԶՈՒ-ում հայատյացության ընդգծված մթնոլորտ է, դրան լրացվում է նաև ահաբեկիչների ու թուրքական ԶՈՒ ներգրավումը ռազմական գործողությունների մեջ, ինչը նշանակում է, որ ռիսկերը մեծանում են, որ նման դեպքերը կարող են կրկնվել: Սա խստագույնս պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը: