Արմավիրի մարզի առաջին ատյանի դատավորը հրաժարականի դիմում է ներկայացրել. փոխնախարար է նշանակվելու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը երեկ լիազորությունների դադարեցման մասին դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: Մենք տեղեկացանք, որ նրա լիազորությունները կդադարեն երկուշաբթի, որից հետո վերջինս կնշանակվի արդարադատության փոխնախարար:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ սեպտեմբերի 5-ին գրել էր, որ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սրբուհի Գալյանի՝ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում նշանակվելուց հետո այդ պաշտոնին հենց Արմեն Հովհաննիսյանն է նշանակվելու:

Իրավապահ համակարգում նրան բնորոշում են որպես խելացի եւ բանիմաց դատավորի, թեեւ նա ընդամենը վերջերս է դատավոր նշանակվել: Դատավորի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա 2019 թվականի փետրվարի 26-ի հրամանագրով է նշանակվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ մինչ այդ էլ՝ 2014 թվականից 2019 թվականը, աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմում՝ նախ՝ որպես ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական, ապա՝ իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս