«Մեր տարածաշրջանները՝ Արևելյան Միջերկրականը և Հարավային Կովկասը, ներկայումս բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը». Զոհրաբ Մնացականյան

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը համատեղ ասուլիսով են հանդես եկել:

Ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ունեցել են արդյունավետ և կառուցողական քննարկում  ընդգրկուն օրակարգի շուրջ՝ թե՛ ընդլայնված կազմով, թե՛ առանձնազրույցի ձևաչափով՝  ընդգծելով քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման  և համագործակցության հետագա ընդլայնման ու ամրապնդման փոխադարձ հանձնառությունը.

«Մեր հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել ջերմությամբ և բարեկամական բնույթով՝ խարսխված հայ և հույն ժողովուրդների դարերի խորքից եկող եղբայրական կապերի վրա:

Մեր երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունը զարգացնում է դինամիկ կերպով՝ ներառելով պաշտպանության, առևտրատնտեսական, կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության և մի շարք այլ կարևոր ոլորտներ»:

Նախարար Մնացականյանը հավելեց, որ Հայաստան-Հունաստան հարաբերություններում կարևոր դեր է վերապահված համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը միջազգային հարթակներում և բազմակողմ ձևաչափերի շրջանակներում. «Շատ կարևոր է, որ մեր երկրները միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ ունեն համահունչ մոտեցումներ:

Հայաստանը՝ որպես ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ոլորտում առաջամարտիկ, կարևորում է այդ գործում  Հունաստանի գործադրած հետևողական ջանքերը:

Մեր երկկողմ հարաբերություններում նաև կարևորվում են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում,այդ թվում՝ խաղաղապահության բնագավառում համագործակցության տեսանկյունից:

Մեր երկրների միջև սերտ համագործակցությունն ընթանում է նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով, որի նպատակն է խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումը մեր երկրների միջև՝ քաղաքական երկխոսության և համագործակցության միջոցով»:

«Հարգելի գործընկերներ, մեր հանդիպումը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Արցախում մեր հայրենակիցները կանգնած են գոյութենական սպառնալիքի առջև, և այս առումով՝ ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջն այս կարևոր ժամանակաշրջանում Հայաստան այցելելու,  իր համերաշխությունը հայ ժողովրդին հայտնելու գործում:

Մեր տարածաշրջանները՝ Արևելյան Միջերկրականը և Հարավային Կովկասը, ներկայումս բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը:

Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հրահրողը և դրա իրականացման գործում  ուղիղ ներգրավվածություն ունեցողը  հենց Թուրքիան է, և ոչ միայն՝ իր ռազմական մասնակցությամբ, այլև վերջինիս ծառայության ներքո գտնվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը Հունաստանի իր գործընկերոջը նաև տեղեկացրեց, որ, չնայած հոկտեմբերի 10-ին ընդունված նախարարական հայտարարությանը՝ կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման վերաբերյալ, Ադրբեջանը շարունակել է մարտական գործողությունները՝ հարված հասցնելով նաև ՀՀ տարածքում գտնվող ռազմական օբյեկտի, իսկ երեկ կրկին հրետակոծության է ենթարկվել ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտը. «Այս ամենով Ադրբեջանը բացահայտորեն ի ցույց է դնում, որ ոչ միայն հրաժարվում է  իրականացնել   ԱԳՆ համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ հրահրմամբ ձգտում է ընդլայնել, խորացնել Ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Թեև հասկանալի է, որ ադրբեջանական կողմի այս գործողությունների,  որոշումների հետևում կանգնած է Թուրքիան, սակայն այդ գործողությունների անդառնալի ռազմաքաղաքական հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ղեկավարությունը»:

ՀՀ ԱԳ նախարարը նաև հայտնեց, որ  Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական գործողություններում դիտավորյալ թիրախավորվում է Արցախի խաղաղ բնակչությունը՝ ցեղասպան քաղաքականության մեջ տարբերակում չդնելով ռազմական օբյեկտների և քաղաքացիական բնակչության մեջ. «Ադրբեջանի զինված ուժերի և վերջիններիս աջակցող ուժերի մղած գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քանի 32 խաղաղ բնակիչ, ավելի քան 106 անձ ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ, դրանցից 86-ը՝ ծանր վիրավորում:

Միայն հոկտեմբերի 10-ի հայտարարությունից հետո ադրբեջանական գործողությունների հետևանքով արձանագրվել է 6 քաղաքացիական զոհ, որից 4-ը գնդակահարվել են ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից, երկուսը՝ հրետակոծության հետևանքով:

Ադրբեջանի պատերազմի հանցագործությունները փաստագրված են և նույն հանցագործների կողմից, որոնք համացանցում տարածում են, փառաբանում են իրենց զազրելի արարքները, այդ թվում՝ գերեվարվածների հանդեպ նվաստացնող վարքը և սպանությունները»:

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց նաև, որ ագրեսիայի հետևանքով կտրուկ աճել է հարկադրաբար տեղահանվածների թիվը,  դժվար է ներկայացնել, թե ինչ մեծ վնաս է պատճառվել Արցախի քաղաքացիական, կենսական ենթակառուցվածքներին:

«Տարածաշրջանային անվտանգության և կայունության առումով հեռանկարում առավել մեծ սպառնալիք է նաև Ադրբեջանի ղեկավարության անդառնալի որոշումը՝  իշխանության պահպանման համար իրենց երկիրը վերածել Թուրքիայի ազդեցության գոտու և միջազգային խմբավորումների օջախի:

Զինյալ ահաբեկիչների և ծայրահեղականների արտահանումն այլ տարածաշրջաններ հանդիսանում է Թուրքիայի ներկայիս իշխանությունների ծավալապաշտական քաղաքականության գործիքներից մեկը: Այդ  քաղաքականության ապակառուցողական հետևանքներին  մենք ականատես ենք եղել նաև այլ տարածաշրջաններում՝ Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Արևելյան Միջերկրականում, իսկ ներկայումս արդեն՝ Հարավային Կովկասում: Այս առումով ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել մեր դիրքորոշումը նաև Միջերկրական ծովում զարգացումների վերաբերյալ,  և Հայաստանի անվերապահ աջակությունը և համերաշխությունը հայտնել Հունաստանին և Կիպրոսին, և ևս մեկ անգամ կոչ անել Թուրքիային՝ հարգելու միջազգային իրավունքը և դադարեցնելու Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները»,- եզրափակել է նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս