Բաժիններ՝

Հնդկական դեղագործական ընկերությունը «Սպուտնիկ V» պատվաստանյութի թեստավորման հայտ է ներկայացրել

Հնդկական Dr Reddy’s Laboratories դեղագործական ընկերությունը ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի թեստավորման վերանայված հայտ է ներկայացրել Հնդկաստանի դեղամիջոցների գլխավոր վերահսկիչին (DCGI): Այդ մասին ANI գործակալությանը հայտնել է կառավարական մի պաշտոնյա: Ավելի վաղ բժշկության ոլորտում հնդկական կարգավորիչը մերժել էր երկրում ռուսաստանյան պատվաստանյութի փորձարկումների միանգամից երրորդ փուլ անցկացնելու վերաբերյալ Dr Reddy’s Laboratories-ի առաջարկությունը եւ առաջարկել անցկացնել դրա հետազոտության երկրորդ եւ երրորդ փուլը: Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ Dr Reddy՚s Laboratories Ltd-ն ավելի վաղ պայմանավորվել էին պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների անցկացման շուրջ: Հաղորդվել էր, որ տեղական կարգավորիչների հավանությունն ստանալուց հետո Հնդկաստան կմատակարարվի 100 միլիոն չափաբաժին:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով:

Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: Հնդկաստանն ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդ տեղում է գտնվում կորոնավիրուսով հիվանդացածների թվով, որոնց ընդհանուր թիվը երկրում գերազանցել է 7,2 միլիոնը: Այդ հիվանդությունից մահացել է ավելի քան 110 հազար մարդ, բուժում է ստանում շուրջ 826 հազարը, ավելի քան 6,3 մլն մարդ ապաքինվել է, հաղորդել է ՌԻա Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս