«Ռուսաստանն արդեն մեծ սխալ է գործել՝ Թուրքիային թողնելով այստեղ». Թուրքագետ

Թուրքագետ Տիրան Լոքմագոզյանի խոսքով, եթե այս շրջանում Թուրքիայի նախագահ Էրդողանը զանգահարում է Ռուսաստանի Դաշնության նախագահին, ապա շատ հնարավոր է, որ մտքին նոր «խաղ» կա։

«Հարց է, այս պահին նա խաղաղության կգնա՞, եթե գնա, ուրեմն՝ մտքին նոր «խաղ» կա, թե չէ, հենց այնպես՝ հանուն խաղաղության, նա հրադադարի չի գնա։ Պետք է նաև նկատի ունենալ, որ մոսկովյան քննարկումներից ու ձեռք բերված պայմանավորվածությունից հետո՝ հրադադարի հետ կապված, որևէ բան չկատարվեց։ Սեղանի վրա Ադրբեջանը, իհարկե, Թուրքիայի թելադրանքով նստեց, խոսեց, ժամանակ շահեց, համոզեց և կարծես թե հրադադար կնքեց, բայց հետո չկատարեց։ Սա կարող է մի խաղ լինել, որ Էրդողանը բացահայտ ասի, թե ուզում են խաղաղություն լինի, սակայն թաքնված ավելի շատ հրահրի պատերազմ։ Չեմ կարծում, որ Էրդողանն այստեղ լուրջ խաղաղություն է ուզում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տիրան Լոքմագոզյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։ Ինչպես հաղորդել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը մանրամասն անդրադարձ են կատարել ԼՂ-ում ստեղծված իրավիճակին և կարևորել հումանիտար հրադադարի իրականացումը: Նրանք հանդես են եկել քաղաքական գործընթացի ակտիվացման օգտին, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված սկզբունքների շուրջ:

Ըստ Տիրան Լոքմագոզյանի, հաշվի առնելով իրադարձությունները՝ դժվար է ասել՝ քաղաքական օրակարգ կփոխվի՞, թե՞ ոչ, քանի որ տարբեր խաղացողներ կան։ Սակայն մեկ բան ակնհայտ է՝ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դրա հետ կապված՝ արտահայտեց Ռուսաստանի կողմնորոշումը։

«Այստեղ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը դժբախտաբար ունի լրիվ ադրբեջանամետ կողմնորոշում, որովհետև Ադրբեջանի ասածն է կրկնում՝ Հայաստանը կտա 5 շրջաններ, իսկ 2-ի մասին հետո կխոսեն, որից հետո միայն կխոսեն Արցախի կարգավիճակի մասին, այն էլ՝ միայն Ադրբեջանի կազմի մեջ լինելով հանդերձ։ Իհարկե, սա «լավրովյան սկզբունքն» է, սակայն մինչև այսօր չեմ հիշում, որ նման կերպով բացահայտ արտահայտված լինի։ Այս վիճակում դա, փաստորեն, Ռուսաստանի այս խնդրի լուծման առաջարկությունն էր»,- հավելեց նա։

Նա նաև ընդգծեց, որ Թուրքիայի, հատկապես՝ էրդողանական Թուրքիայի անցած ուղին ցույց է տալիս, որ Թուրքիան կամ Էրդողանը թքած ունի միջազգային հանրության հայտարարությունների, կոչերի վրա։

«Արցախը որպես չճանաչված տարածք է, այնտեղ մարդիկ չե՞ն ապրում, երեխաներ չե՞ն վիրավորվում ու մահանում, բայց դրան որևէ մեկը չի արձագանքում, նրանց համար դա կարծես թե աշխարհից դուրս մի տարածք լինի։ Ռուսաստանն արդեն մեծ սխալ է գործել՝ Թուրքիային թողնելով այստեղ, ամենասկզբից պետք է դա կանխեր։ Եթե Թուրքիան մտավ այս տարածաշրջան, որևէ մեկը թող չհավատա, որ նա 100 տոկոսով դուրս կգա։ Թուրքիան մնալու է, թե նրա ներկայությունն ինչ տոկոս կկազմի, սակայն այն մնալու է։ Թուրքիայի ներս մտնելն այս տարածաշրջան մեզ համար մեծ վտանգ է, սակայն մեծ խնդիր է լինելու նաև Ռուսաստանի համար, որը դեռ արցունք է թափելու դրա համար»,- եզրափակեց թուրքագետը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել էր Արցախի կարգավորման հարցին՝ նշելով, որ հարցի քաղաքական կարգավորումը հնարավոր է։ «Առաջարկությունները, որոնք համանախագահները մշակել են և շարունակում են մշակել, մնում են բանակցային սեղանին։ Դրանց բովանդակությունն արդեն հայտնի է, դա փուլային, հետզհետե Ղարաբաղի շուրջ տարածքների ազատումն է՝ Ղարաբաղին անվտանգության երաշխիքների տրամադրմամբ, և մինչ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը՝ ապահովելով հուսալի կապ Ղարաբաղի և Հայաստանի միջև։ Այս սխեման լավ հայտնի է»,- նշել էր նա։

Տեսանյութեր

Լրահոս