Արցախի քննչական կոմիտեն ևս մեկ քրեական գործ է հարուցել վարձկանության դեպքի առթիվ

Սույն թվականի սեպտեմբերի 28-ին Արցախի Քննչական կոմիտեն տեղեկություն էր տարածել միջազգային իրավունքի նորմերի կոպտորեն խախտմամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ, որի նախաքննությունը հանձնարարվել էր քննչական խմբին, որն էլ ձեռնամուխ է եղել անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների կատարմանը:

Ի հավելումն նշված տեղեկատվության ԱՀ քննչական կոմիտեում հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ վարձկանության դեպքի առթիվ:

ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի որոշմամբ ձևավորված քննչական խումբը իրականացնում է անհետաձգելի և լայնածավալ քննչական գործողություններ: Յուրաքանչյուր քննչական գործողության կարևորությամբ պայմանավորված՝ նախաքննությունը իրականացվում է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 525 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Տեսանյութեր

Լրահոս