Բաժիններ՝

Թաիլանդում 20 մարդ է զոհվել գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով

Առնվազն 20 մարդ է զոհվել և ավելի քան 30-ը տարբեր վնասվածքներ ստացել այն բանից հետո, երբ Թաիլանդի հյուսիս – արևելքում ապրանքատար գնացքն ավտոբուս է խոյահարել երկաթուղային գծանցում:

Այդ մասին ասված է Չաչոենգսաոյի նահանգի Տարերային աղետների հետևանքների կանխման և մեղմացման վարչության՝ հոկտեմբերի 11-ին տարածված հաշվետվությունում:

Ինչպես հայտնել են վարչությունում, ավտոբուսը, որտեղ եղել է 60 մարդ, Սամութփրաքանի նահանգից ուղևորվել է Չաչոենգսաոյի տաճարներից մեկը: Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08:00-ի (Երևանի ժամանակով 05:00-ի) սահմաններում առանց ուղեփակոցների կարգավորվող երկաթուղային գծանցերից մեկում:

Նախնական տեղեկատվության համաձայն՝ ավտոբուսի վարորդը, չնայած գործող լուսազդանշանին, փորձել է արագ անցնել մոտեցող գնացքի առջևից, որը փորձել է արգելակել: Բախման հետևանքով 20 մարդ զոհվել է, ևս 30-ը տուժել և տեղափոխվել մերձակա հիվանդանոցներ: Նախնական տվյալներով՝ ավտոբուսի ուղևորները եղել են Սամութփրաքանի ֆաբրիկաներից մեկի բանվորներ: Ոստիկանությունը հետաքննում է պատահարի հանգամանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս