Ռուսական թատրոնը մանուկների համար կցուցադրի «Բժիշկ Այբոլիտը» բարեգործական ներկայացումը
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, որը բարեգործական ներկայացումներ է ցուցադրում իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաների համար, հոկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ին, կցուցադրի «Բժիշկ Այբոլիտը» մանկական ներկայացումը, որի բեմադրիչն Իռա Հարությունյանն է:
Թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ բեմում կլինեն թատրոնի երիտասարդ դերասանները: Նա հիշեցրեց, որ հոկտեմբերի 4-ին և 8-ին ցուցադրվել են «Երեք խոզուկները» և «Գայլն ու յոթ ուլիկները» մանկական ներկայացումները:
Մխիթարյանի խոսքով՝ այս օրերին թատրոնը հյուրընկալել է մոտ 900 մանկահասակ հանդիսատեսի, որոնք մեծ ոգևորությամբ են դիտել բեմադրությունները, իսկ ներկայացումներից հետո խոսել են իրենց տպավորությունների ու երազանքների մասին: Նրանց ցանկությունն ու երազանքը մեկն է եղել՝ հնարավորինս շուտ վերադառնալ տուն: Թատրոնի տնօրենը նշեց, որ առաջիկայում մանկական ներկայացումներ կցուցադրեն նաև ՀՀ մարզերում՝ իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաների համար: Մանուկներին ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում մուտքի մոտ կդիմավորեն հայտնի հեքիաթների հերոսները:
«Բժիշկ Այբոլիտը» հեքիաթում բժիշկ Այբոլիտը գնում է Աֆրիկա՝ Լիմպոպո գետի մոտակայքեր, հիվանդ կենդանիներին բուժելու համար։ Գայլերը, մի կետ ու արծիվները ճանապարհին օգնում են նրան։ 10 օրվա աշխատանքի արդյունքում Այբոլիտը հաջողությամբ բուժում է բոլոր հիվանդներին։