Խոնարհվում եմ մեր 18-20 տարեկան զինվորների առջև, իրենք արդարության մարտիկներ են. Փիթեր Ջեմ
«Չգիտեմ, թե ինչպես նկարագրեմ անմարդկային այս հարձակումը: Բոլոր խոշոր, հատկապես եվրոպական պետությունները չպետք է սահմանափակվեն միայն հայտարարություն անելով: Անհրաժեշտ է իրապես օգնել Հայաստանին ու Արցախին: Մեծ երկրները՝ ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Չինաստանը, կարող են իսկապես կանգնեցնել Էրդողանի ու Ալիևի խենթությունները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ երաժիշտ, երգահան, ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Փիթեր (Պետրոս) Ջամբազյանը (Peter Jam):
ՄԱԿ-ի խաղաղության դեսպանը հայտնեց՝ այլ ազգի ներկայացուցիչներին իրենք կոչ են անում բարձրաձայնել այս խնդիրը, քանի որ մարդիկ, ովքեր ապրում են իրենց հայրենի հողում՝ հարձակման են ենթարկվել:
«Այս պահին Ֆիլադելֆիայում եմ, որտեղ հայեր շատ չկան: Օտարազգիները լսել են արցախյան պատերազմի մասին և հետաքրքրվում են, թե սա ինչ է: Պատերազմի առաջին մի քանի օրերին չգիտեինք, թե ինչ է կատարվում, բայց հետո պարզ դարձավ, որ նաև վարձկան ահաբեկիչներ են կռվում, ու սա պլանավորված, լայնածավալ հարձակում է: Օրերս «Թվիթերում» տեսա ադրբեջանցիների ռոք երգը, որը պատերազմի, հարձակման և Արցախը գրավելու մասին է, ու հետաքրքիրն այն է, որ տեղադրվել է յութուբում հենց սեպտեմբերի 27-ին՝ պատերազմ սկսելու օրը: Այսինքն, նախապես երգ են պատրաստել, որ իրենց զինվորներին քաջալերեն: Բացի սա՝արդեն փաստ է, որ Ստամբուլից սեպտեմբերի 27-ին թուրք լրագրողներ են գնացել Ադրբեջան, փաստ են նաև ահաբեկիչների թռիչքները, որ պատերազմից մի քանի օր առաջ է եղել»,- նշեց Փիթեր Ջամբազյանը՝ ընդգծելով, որ հայը խաղաղասեր ժողովուրդ է, իսկ թշնամին ուզում է վայրագություններով հաղթանակներ տանել:
«Թուրքիան մինչ այս ուզում էր խառնել Լիբանանի հյուսիսը: Վախենամ, նրանց կողմից գրոհելու հաջորդ ուղղությունները լինեն Հունաստանը, Վրաստանը: Ի դեպ, կրոնական ատելություն սփռելու համար 1997թ. 4 ամսով Էրդողանը բանտ է նստել: Այսինքն, ինքը վայրագ անձ է ու դիմում է նման քայլերի: Աշխարհը պետք է հստակորեն իմանա, թե ով է այս անձը: Նա վտանգավոր է ոչ միայն Հայաստանի, Արցախի, Լիբիայի, Սիրիայի, այլև մյուս երկրների համար ևս:
Մեր բանակը հսկայական համազգային գործ է անում: Ոմանց թվում է, թե որ խաղաղասեր ես, եթե իրավունքդ էլ ձեռքիցդ փորձեն վերցնել՝ ապա այդպես պետք է մնաս. ոչ, այդպես չէ: Խաղաղությունն առանց արդարության չի կարող, և թե դիմացինդ ուզում է քեզ կողոպտել, խլել ունեցածդ, այդ վայրկյանին պետք է որ վայրագ լինես, եթե ոչ՝ չես կարող դիմադրել: Այս գործը, որ անում են զինվորները, արդարության համար է: Սա սուրբ գործ է: Խոնարհվում եմ մեր 18-20 տարեկան զինվորների առջև, իրենք արդարության մարտիկներ են: Արդարությունը խաղաղություն է բերելու, առանց արդարության խաղաղություն չկա»,- եզրափակեց ՄԱԿ-ի խաղաղության դեսպանը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: