«Արցախը պետք է շարունակի պնդել, որ պետք է մասնակից լինի բանակցություններին». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ խորհրդարանական դիվանագիտության առումով հաջողվել է բոլոր գործընկերներին հասցնել այն տեղեկատվությունը, որ Ադրբեջանն ահաբեկչական ներուժ է օգտագործում, հետևաբար՝ սնուցում է միջազգային ահաբեկչությանը:
Նրա կարծիքով՝ սա լուրջ ձեռքբերում է ընդդեմ ահաբեկչական Ադրբեջանի:
«Կարծում եմ՝ այս շփումների արդյունք էր, որ երեկ Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցան պրոհայկական ելույթներ: ԼՀԿ-ն իր բոլոր գործընկերների միջոցով հնարավոր տեղեկատվությունը փոխանակել և շարունակում է ինտենսիվ աշխատանքներ իրականացնել»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը:
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հայտարարությանը, որ այսօր Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ կանցկացվեն` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից ջանքերի շրջանակներում, Էդմոն Մարուքյանն ասաց, որ արդեն հայտնել են, որ վարչապետի հետ պահանջել են փակ հանդիպում, որը դեռևս տեղի չի ունեցել, և որևէ տեղեկություն խորհրդարանական ընդիմությունը չունի, թե ում ինչ են առաջարկել, ինչ են խոսելու, և այլն:
«Մենք կարծում ենք, որ հայկական կողմը պետք է մարտի դաշտում գրանցած հաջողությունն օգտագործի դիվանագիտական դաշտում: Ավելին չեմ կարող ասել, քանի որ տեղեկատվություն չունեմ: Ես չգիտեմ, օրինակ, Ադրբեջանի արտգործնախարարն ինչու է գնում Ժնև, իսկ մեր արտգործնախարարը՝ Մոսկվա: Կարծում եմ՝ այս ռեժիմում հնարավոր չէ բաց ձևով խոսել այդ ամենի մասին: Այն հայտարարությունը, որ Արցախը ևս պետք է մասնակցի բանակցություններին, կարևոր է: Եթե հետ գնանք 1994 թվականի հրադադարը, ապա այն ժամանակ Արցախն իր սուբյեկտայնությունն ամբողջովին իրացրել է: Հետևաբար՝ Արցախը պետք է շարունակի պնդել, որ պետք է մասնակից լինի բանակցություններին, առանց Արցախի մասնակցության արդյունավետ չի լինի»,- հավելեց նա:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ միջազգային իրավունքով զբաղվող բոլոր հայերին կոնսոլիդացրել են, թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս: Համագործակցում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, որպեսզի կարողանան միջազգային իրավունքի բոլոր խախտումները վեր հանեն և ներկայացնեն մարդու իրավունքներով զբաղվող միջազգային բոլոր կառույցներին:
«Գիտեք, որ ՄԻԵԴ-ում արդեն երկու միջանկյալ միջոց է կիրառվել՝ ՀՀ-ից ներկայացրած դիմումի հիման վրա, այս գործընթացը շարունակական է լինելու: Մեր գործընկերները եվրոպական երկրներում սկսել են նախապատրաստել գործընթաց՝ համընդհանուր իրավազորության ուժով, ռազմական հանցագործություն կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու ուղղությամբ: Սա նշանակում է, որ Ադրբեջանում պատերազմական հանցագործություն կատարած անձինք, որոնք դուրս կգան եվրոպական երկրներ, նրանց նկատմամբ, հնարավոր է՝ սկսվի քրեական հետապնդում: Եթե սա հաջողվի, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունից շատերը չեն կարողանա ոտք դնել քաղաքակիրթ աշխարհ»,- շեշտեց պատգամավորը: