«Հստակորեն ասել ենք, որ քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումը հանդուրժելի չէ որևէ դեպքում». ՀՀ-ում ԵՄ դեսպան
Քիչ առաջ խորհրդարանում ավարտվեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի փակ հանդիպումը:
Հանդիպումից հետո լրագրողներն արցախաադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ փորձեցին մի քանի հարցեր ուղղել ԵՄ դեսպանին, սակայն վերջինս նշեց, որ որևէ մեկնաբանություն չի կարող տալ:
Այդուհանդերձ, 168.am-ը հետաքրքրվեց, թե ԵՄ դեսպանն ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում քաղաքացիական անձինք են զոհվում:
«Մենք հետևում ենք իրադարձություններին Բրյուսելից, ԵՄ բարձր ներկայացուցիչն արել է իր հայտարարությունը, մենք նաև ուղիղ կապի մեջ ենք արտգործնախարարության հետ: Մենք շատ հստակորեն ասել ենք, որ քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումը հանդուրժելի չէ որևէ դեպքում»,- նշեց ԵՄ դեսպանը:
Մեր դիտարկմանը՝ փաստն այն է, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան չեն դադարեցնում ագրեսիան և այդ կոչերին չեն արձագանքում, ԵՄ դեսպանը նկատեց.
«Դա պետք է հարցնենք նրանց»:
Հաջորդ հարցին՝ Եվրամիությունը չի՞ պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, որպեսզի նրա կողմից թույլ տրված ագրեսիան զսպի, Անդրեա Վիկտորինը պատասխանեց, որ սա մի որոշում է, որը պետք է 27 պետություն միասին կայացնեն։
«Ես այս պահին չեմ կարող բոլորի փոխարեն պատասխանել»,- եզրափակեց Ա. Վիկտորինը:
Այլ հարցերի դեսպանը չպատասխանեց: