«Միայն Ռուսաստանի ջանքերով է հնարավոր դադարեցնել պատերազմը ԼՂ-ում»․ Սամվել Կարապետյան
Միայն Ռուսաստանն իրավունք ունի միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությանը, հայտարարել է ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, գրում է ria.ru-ն։
«Այս լարված օրերին, երբ ամբողջ աշխարհը կողմերին կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ, լուրջ մտահոգություն է առաջացնում Թուրքիայի դիրքորոշումը, որը միտումնավոր հրահրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ հայ ժողովրդի գոյության համար սպառնալիք ստեղծելով իր պատմական հողերում: Այս առնչությամբ, վստահ եմ, որ եթե որևէ երկիր իրավունք ունի և կարող է միջամտել իրավիճակին, ապա դա կարող է լինել միայն դաշնակից Ռուսաստանը» – ասել է Կարապետյանը:
Նրա խոսքով՝ նրանք, ովքեր շահագրգռված են հրադադարի հարցում, պետք է որքան հնարավոր է շուտ գիտակցեն Ռուսաստանին ներգրավելու անհրաժեշտությունը։
«Այսօրվա դրությամբ Ռուսաստանը նախկինի պես տարածաշրջանում խաղաղության միակ երաշխավորն է։ Ես համոզված եմ, որ ներկա իրավիճակում հենց նախագահ Պուտինն է ունակ շատ բան անել ղարաբաղյան հակամարտության հարցում, որը կարող է վճռորոշ դառնալ Լեռնային Ղարաբաղի ապագայի համար։ Կարելի է որքան ասես պատրանքներ ունենալ այն մասին, որ որևէ այլ ուժերի միջամտությունը կարող է օգնել Ղարաբաղի հակամարտության լուծմանը, սակայն ակնհայտ է, որ միայն ռուսական խաղաղապահ ջանքերն են ի վիճակի դադարեցնել պատերազմը։ Որքան շուտ դա կհասկանան հակամարտության կարգավորման մեջ շահագրգիռ կողմերը, այնքան ավելի շուտ հնարավոր կլինի խուսափել նորանոր կորուստներից և անցնել խաղաղ բանակցությունների ձևաչափին»,- ընդգծել է Կարապետյանը։
Գործարարաը նաև ընդգծել է, որ «Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների հարաբերությունների դաշնակցային բնույթը հիմնված է մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա։ Հավատում եմ, որ ժամանակի փորձությունն անցած այդ սերտ հարաբերություններն այսուհետ ևս կրելու են դաշնակցային և ռազմավարական բնույթ»։
Սամվել Կարապետյանը նաև ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «վտանգավոր աշխարհաքաղաքական հրդեհ է», որը կարող է ընդգրկել ամբողջ տարածաշրջանը:
«Վերջին օրերը լցված են ցավով և տագնապով ողջ հայ ժողովրդի համար, որը կրկին, ինչպես և 1915-ին, վտանգված է և ստիպված է պայքարել իր գոյատևման համար։ Արցախը մեծ խիզախությամբ է պաշտպանում իր դիրքերը սեփական հերոս որդիների կյանքի գնով»,- ասել է Կարապետյանը՝ ընգծելով, որ Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները լոկալ հակամարտություն չեն։
«Տասներորդ օրն անընդմեջ Լեռնային Ղարաբաղում ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում։ Լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծվել, կան մեծ թվով զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Եթե իրավիճակը մոտ ապագայում չկանգնեցվի, ապա շուտով այն կարող է վերածվել խոշոր համաշխարհային աղետի։ Այս համատեքստում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով. լուծումները խաղաղ բնույթ են կրում»,- նշել է գործարարը։