«Վստահ եմ՝ ՄԽ համանախագահները և, առաջին հերթին, Ռուսաստանը կկատարի իր կարևոր դերը». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի առաջին 2-3-րդ օրերից սկսած` միջազգային խաղացողների և առհասարակ միջազգային մամուլի շրջանում ընկալման որոշակի փոփոխություն տեղի ունեցավ՝ հայկական կողմի համար ձեռնտու փոփոխություն:

«Ըստ էության, աշխարհն ընդունեց այն փաստը, որը Թուրքիան ներգրավված է հակամարտության, պատերազմի մեջ, և, որ ահաբեկիչներ են օգտագործվում հայության դեմ: Դիվանագիտական առումով սա, բնականաբար, դրական է մեզ համար: Սակայն հիմա, անկախ դիվանագիտական հաջողություններից, ամենակարևորը ռազմական ճակատում և թիկունքում պինդ կանգնելն է, որովհետև մեր դիվանագիտությունը կարող է հաջողել միայն այն դեպքում, երբ մենք թիկունքում պինդ կանգնած ենք»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռուբեն Ռուբինյանը:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ վարչապետի հետ փակ հանդիպման և իրավիճակը քննարկելու մասին առաջարկին, Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ դեմ չէ նման հանդիպման, և կարծում է՝ հարցը կքննարկեն ԱԺ նախագահի հետ:

Անդրադառնալով 168.am-ի հարցին, թե հայկական կողմն ի՞նչ էր ակնկալում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Թուրքիա կատարած այցից, ինչպե՞ս կմեկնաբանի հանդիպման ընթացքում հնչեցրած հայտարարությունները, և ի՞նչ սպասել Թուրքիայի արտգործնախարարի այսօր Ադրբեջան կատարելիք այցից, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ Թուրքիայի վերջին շրջանի ցանկացած հայտարարության վերաբերյալ նոր ասելիք չկա, Թուրքիան անցել է բոլոր կարմիր գծերը և իրեն պահում է ահաբեկչական պետության նման և ըստ էության վերածվել է ահաբեկչական պետության:

«Ինչ վերաբերում է մյուս միջազգային գործընկերներին, ապա մենք բոլորից ակնկալում ենք շատ կոշտ հանդիմանում Թուրքիայի և Ադրբեջանի այս հակաօրինական, հակահումանիստական և ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, մնացած առումներով կտեսնենք: Կրկնում եմ՝ կան դրական միտումներ աշխարհում և մեր գործընկեր պետություններում՝ հայտարարությունների մակարդակով, սակայն ամեն ինչ կախված է մեր՝ որպես ժողովրդի, կամքից»,- շեշտեց պատգամավորը:

Մեր հաջորդ հարցին, թե բացի հայտարարություններից, միջազգային հանրությունն ի՞նչ գործուն քայլեր պետք է իրականացնի, այդ թվում՝ դաշնակից պետությունները, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Վստահ եմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և, բնականաբար, առաջին հերթին Ռուսաստանը կկատարի իր կարևոր դերը՝ այս տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար»:

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի հետ ՀՀ վարչապետի հեռախոսազրույցներին և հարցին, թե այս պահին Հայաստանն ի՞նչ է ակնկալում ՌԴ-ից, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ վստահ է՝ Հայաստանի բարեկամները, առաջին հերթին՝ Ռուսաստանը, իրենց կայունացնող դերը կկատարեն:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս