ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստություն է հայտնել ԼՂ գոտում բնակեցված տարածքների թիրախավորման առթիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության շարունակական սրացումը՝ բոլոր կողմերին հիշեցնելով միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրենց պարտավորությունները ՝ պաշտպանել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կայքից, Գուտերեշի խոսքերը մեջբերել է նրա խոսնակը:

Գլխավոր քարտուղարը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության շարունակական սրացումը՝ չնայած միջազգային հանրության՝ կռիվն անմիջապես դադարեցնելու բազմաթիվ կոչերին: Նա խիստ անհանգստացած է ռազմական գործողությունների, այդ թվում՝ բնակեցված տարածքների թիրախավորման փաստով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի՝ հորդորելով անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները: Նա կոչ է արել տարածաշրջանային և միջազգային համապատասխան դերակատարներին՝ ակտիվորեն քայլեր ձեռնարկել մարտական գործողությունների հրատապ դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններին վերադառնալու համար:

Գուտերեշի խոսնակը հոկտեմբերի 5-ի մամուլի հերթական ասուլում նշել էր, որ ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը շարունակում է խորապես մտահոգվել շփման գծի երկայնքով ընթացող ռազմական գործողությունների համար:

Տեսանյութեր

Լրահոս