Սերգեյ Սմբատյանը դիմել է միջազգային հանրությանը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյաննհ իր ֆեյսբուքյան էջում հետևորդներին պատմել է Ադրբեջանի հարձակման, դրան Թուրքիայի աջակցության և հակամարտությանը Սիրիայից վարձկանների ներգրավման մասին:
Սմբատյանը նշել է, որ կցանկանար պատմել այն մասին, թե ինչու և ինչ է տեղի ունենում Հայաստանում և Արցախում, սակայն ավելի ճիշտ է գտնում խոսել Ադրբեջանի ցուցաբերած բռնության, քաղաքացիական բնակչության նկատմամբ դրսևորած դաժանության, գյուղերի, քաղաքների, դպրոցների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների հրետակոծության մասին:
«Արցախի դեմ Ադրբեջանի սկսած լայնամասշտաբ պատերազմը ստանում է Թուրքիայի լիակատար աջակցությունը. վերջինս Սիրիայից նախապես հավաքագրման միջոցով իսլամիստ ապստամբների և այլ ահաբեկչական խմբավորումների է տեղափոխել հակամարտության գոտի: Միջազգայնորեն արգելված կասետային զինամթերքի օգտագործումը և դրանով ոչ պատերազմական բնակավայրերը թիրախավորելը դադարեցնելու կոչերին և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան վերևից են նայում, քանի որ խոսքերը նրանց համար այլևս ոչ մի նշանակություն չունեն: Ահաբեկչությունը բառերի լեզվով չի խոսում»,- գրել է նա և միջազգային հանրությանը, կազմակերպություններին, կառավարություններին, խորհրդարաններին, միջազգային լրատվական գործակալություններին կոչ արել խոսել այս փոքր երկրում ինքնաճանաչման և ապրելու իրենց իրավունքի համար պայքարող ժողովրդի նկատմամբ ահաբեկչության և բռնության կասեցման մասին:
«Հիմա գործելու և բոլոր հանցագործությունները դադարեցնելու ժամանակն է, քանի դեռ այս մարդասիրական աղետը հայերի նոր ցեղասպանության չի վերածվել»,- եզրափակել է նա: