ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը տարածաշրջանային և միջազգային «խաղացողներին» կոչ է արել օգնել դադարեցնել պատերազմը Լեռնային Ղարաբաղում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը տարածաշրջանային և միջազգային «խաղացողներին» կոչ է արել օգնել անհապաղ զինադադարի հասնել հայ-ադրբեջանական հակամարտության գոտում, հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
Ա․ Գուտերեշը քննադատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը շարունակվում է՝ չնայած միջազգային հանրության կողմից մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու մասին բազմաթիվ կոչերին: Նա նաև լրջորեն անհանգստացած է բնակելի գոտիների հրետակոծության առնչությամբ:
«Գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները»,- ասվում է Դյուժարիկի հայտարարությունում: