ԿԳՄՍ նախարարությունը պարգևատրել է հերոսների դպրոցներին և մի խումբ մանկավարժների

«Ուսուցչի օրվա» կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ուսումնական հաստատությունները, որտեղ սովորել են Արցախի հերոսներ Դավիթ Լյովայի Գրիգորյանը, Էդգար Էդվարդի Մարկոսյանը, Յուրա Հայկարամի Ալավերդյանը, Դավիթ Վանիկի Ղազարյանը (հետմահու) և Սերգեյ Սլավիկի Շաքարյանը, պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով:

Քաղաքացիական բարձր պատասխանատվություն և հայրենասիրություն սերմանելու, հանուն Հայրենիքի անձնազոհության որակներ փոխանցելու համար նախարարության բարձրագույն պարգևի՝ մեդալի են արժանացել Արմավիրի մարզի Սարդարապատի միջնակարգ, Երևանի թիվ 78 հիմնական, Երևանի Թ. Կրպեյանի անվան թիվ 62 ավագ, Երևանի Լ. Արիսյանի անվան թիվ 127 ավագ, Երևանի թիվ 150 հիմնական, Արարատի մարզի Վեդու թիվ 1 հիմնական դպրոցները, ինչպես նաև Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջը, ԱՀ Ղուզե Ճարտարի Արա Ավանեսյանի անվան դպրոցը։

Միաժամանակ, «Ուսուցչի օրվա» կապակցությամբ մի խումբ մանկավարժներ ևս համավարակի պայմաններում հեռավար ուսուցման կազմակերպման ընթացքում տեղեկատվական հաղորդակցական գիտելիքներ և հմտություններ կիրառելու, առարկայական պատրաստվածություն ցուցաբերելու, ստեղծագործական աշխատանք կատարելու համար պարգևատրվել են նախարարության մեդալով, պատվոգրերով և շնորհակալագրերով։

ԿԳՄՍ նախարարության մեդալի են արժանացել Երևանի Ն. Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի պատմության ուսուցիչ Արամ Ղանդիլյանը, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ժեստերի լեզվի ուսուցչուհի Զուբեյդա Մելիքյանը, Արմավիրի մարզի Լեռնագոգի միջնակարգ դպրոցի հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Մարինե Քամալյանը, Արմավիրի ինդուստրիալ մանկավարժական քոլեջի զինղեկ Կարեն Սարգսյանը։

Պատվոգրով են պարգևատրվել Երևանի թիվ 143 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցչուհի Կարինե Կոստանյանը, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Արմինե Գրիգորյանը, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Սիրանուշ Սահակյանը, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցչուհի Լիանա Կարապետյանը, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 19 հիմնական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Թորոսյանը, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 19 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Նազելի Գիշյանը, ՀՀ Կոտայքի մարզի Սարալանջի հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Քրիստինե Մանուկյանը, ՀՀ Արմավիրի մարզի Թաիրովի միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Արմինե Սաֆարյանը, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցի տեխնոլոգիայի ուսուցչուհի Ալինա Մովսիսյանը։ Եվս երեք տասնյակ մանկավարժներ պարգևատրվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրով։

Տեսանյութեր

Լրահոս