«Իրանն առաջնորդվում է սեփական շահերով, իսկ այդ շահերն այս պատերազմի ընթացքում համընկնում են մեր շահերի հետ». Վարդան Ոսկանյան
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել էր, որ Թեհրանը Լեռնային Ղարաբաղում հակամարտող երկրների կողմից իր տարածքի վրա ցանկացած հարձակում անթույլատրելի է համարում:
«Հայտարարում ենք, որ հակամարտող երկրների կողմից մեր տարածքի վրա իրականացված ցանկացած հարձակում անընդունելի է, և լրջորեն զգուշացնում ենք, որ կողմերն անհրաժեշտ զգուշավորություն ցուցաբերեն այս առնչությամբ»,- ներկայացուցչի խոսքերը մեջբերել էր Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Խաթիբզադեն ընդգծել էր նաև, որ «անհրաժեշտ է հարգել խաղաղ բնակչության վրա հարձակում չգործելու սկզբունքը»:
«Անհրաժեշտ է դադարեցնել բախումները և իրական երկխոսություն սկսել: Թեհրանը պատրաստ է այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ օգնություն ցուցաբերել»,- հավելել էր նա:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն ասաց, որ այս ժամանակահատվածում Իրանը ցուցաբերել է բավականին բալանսավորված քաղաքականություն։
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ Իրանի ԱԳՆ խոսնակն իր հայտարարության մեջ «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» ձևակերպման փոխարեն՝ նշել է «Ադրբեջանի տարածքային իշխանություն»-ը, Վարդան Ոսկանյանն ասաց, որ Իրանում ամեն ինչ չէ, որ որոշում է արտգործնախարարությունը, կան այլ կառույցներ, որոնք ունեն շատ վճռորոշ դերակատարություն։
«Իրանի դիրքորոշումները միանշանակ են, Իրանն առաջնորդվում է սեփական շահերով, իսկ այդ շահերն այս պատերազմի ընթացքում համընկնում են մեր շահերի հետ։ Սա ենթադրում է միջազգային ահաբեկիչների նկատմամբ կոշտ վերաբերմունք, որոնք հայտնվել են Ադրբեջանի և Թուրքիայի օժանադակությամբ և անմիջական խողովակներով պատերազմական գոտում, ինչը նշանակում է՝ Իրանի հյուսիսային սահմանին։ Իրանի պետական շահերից է բխում, որպեսզի թուրքական ազդեցությունն այս տարածաշրջանում չուժեղանա թե՛ Ադրբեջանի ներսում, թե՛ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում։ Իրանի շահերից է բխում, որպեսզի արցախաադրբեջանական սահմանը երբևիցե չփոխվի հօգուտ Ադրբեջանի։ Այս իմաստով իրանցիներն ունեն չափազանց հստակ դիրքորոշում գործողությունների մակարդակում և այդ գործողություններն իրականացվում են»,- նշեց Վարդան Ոսկանյանը։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ Իրանի քաղաքականությունը բնորոշվում է շատ հետաքրքիր մոտեցումներով, հռետորաբանությունը գործողությունների հետ հաճախ կարող է չհամընկնել, չնայած հռետորաբանության մակարդակում են դիրքորոշումները, չհաշված մեկ-երկու հոգևորականների հայտարարությունները, ընդ որում, դա էլ է բալանսավորվել այլ հոգևորականների հայտարարություններով։
«Ուզում եմ վստահեցնել, որ Իրանի կողմից մենք ապահով ենք, և՝ ընդհակառակը։ Մեկ այլ կարևոր հանգամանք էլ կա, եթե ուշադիր հետևենք իրանական լրատվադաշտին, ապա կտեսնենք, թե ինչպիսի մեծ աշխատանք է տարվում՝ Իրանի հասարակական տրամադրությունները պատրաստելու այն բանին, որ Արաքսի իրանական ափ շարժված իրանական ծանր տեխնիկան՝ տանկերը, այնուհետև Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատարի այցը ներկայացվի՝ որպես ահաբեկչության դեմ պայքար։ Նաև պարբերաբար տեղեկատվություն է տարածվում ադրբեջանական կողմից Իրանի տարածք ուղարկած արկերի և զանազան այլ գործողությունների մասին։ Այսինքն՝ այս պահին Իրանի հասարակական կարծիքը պատրաստ է, որ Իրանը կարող է հարված հասցնել այդ տարածքում հասած ահաբեկչական կառույցներին։ Իսկ այդ ահաբեկչական կառույցները, պարզ է, թե ում կողմից են դրվում։ Բնական է, որ Իրանը չի կարող հանդուրժել իր սահմանային զրոյական կետում ահաբեկիչների ներկայությունը, այն ահաբեկիչների, որոնք սպանել են բազմաթիվ իրանցի կամավորականների Սիրիայում, Իրաքում և այլն»,- հավելեց Վարդան Ոսկանյանը։
Իրանագետի խոսքով՝ ակնհայտ է, որ Իրանը թե՛ հռետորաբանության, թե՛ գործողությունների մակարդակում դրսևորում է ուժի ցուցադրություն, իսկ ուժի ցուցադրությունը միանշանակորեն առայժմ միայն ցուցադրություն է, գուցե ապագայում նաև գործի դրվի։
«Սա ակնհայտորեն ուղղված է Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկչության դաշինքի դեմ, հենց այդ դաշինքի, որն այս պահին ագրեսիայի է դիմել Հայաստանի և Արցախի նկատմամբ»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։