«Կողմերի համաձայնության դեպքում Կարմիր խաչը պատրաստ է դիերի արտահանձնման միջնորդի դեր կատարել». ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ
168.am-ի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անհանգստացած է Արցախի և Ադրբեջանի միջև ստեղծված և վատթարացող իրավիճակով ու պատրաստակամություն է հայտնել ստանձնել միջնորդի դեր մարդկանց և դիերի փոխանակման հարցում:
«Մենք պատրաստակամություն ենք հայտնել երկխոսության միջոցով հանդես գալ որպես չեզոք միջնորդ, աջակցել մարդկանց, ովքեր տուժում են, մարդասիրական օգնություն ցույց տալ, որը մենք հիմա արդեն անում ենք: Ինչ վերաբերում է միջնորդական դերին, ապա մենք դա առաջարկել ենք անմիջապես, դրա շրջանակում, իհարկե, ընդգրկված են հարցերը, որոնք վերաբերում են մարդկանց կամ դիերի արտահանձնմանը: Մեր կոլեգաները և մենք բոլորս աշխատում ենք, պատրաստ ենք, սակայն նման գործունեությունը՝ որպես չեզոք միջնորդ, կարող է կատարվել միայն կողմերի համաձայնության դեպքում»,- ասաց Ամատունին:
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարի խոսքով՝ Կարմիր խաչին անհանգստացնում է նաև այն, որ պատերազմից տուժում է խաղաղ բնակչությունը:
«Շատ անհանգստացած ենք վատթարացող իրավիճակով, երբ քաղաքացիական մարդիկ շարունակում են տուժել տարբեր առումներով: Կապը համայնքների ու տեղական կառույցների հետ անմիջական է և անընդհատ, որը շատ դժվար է իրականացնել բավականին ակտիվ ռազմական իրավիճակում, դժվար է ֆիզիկապես հասնել համայնքներ, թեև Ստեփանակերտում ունենք գրասենյակ»,- ասաց Ամատունին:
Մեր հարցին, թե Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղյա՞կ է՝ կա՞ն ռազմագերիներ պատերազմող կողմերում, Զառա Ամատունին պատասխանեց.
«Հետևում ենք բոլոր հրապարակումներին այս թեմայով»: