«Հաղթանակը մերն է լինելու, չկասկածեք». Արայիկ Հարությունյան

«Հակառակորդն արդեն մի քանի օր է՝ ռմբակոծում է  ոչ միայն  բնակավայրերը, այլ Ստեփանակերտը՝ «Սմերչով», «Պոլոնեզով», տարբեր ամենաժամանակակից հեռահար հրթիռային համակարգերով: Ամեն վայրկյան Ստեփանակերտի գլխին գտնվում են տարբեր ԱԹՍ-ներ և չեն դադարում հրթիռակոծել Ստեփանակերտը: Եվ այսօր առաջին անգամ իմ հրամանով Արցախի զինված ուժերի ստորաբաժանումները հրթիռային համազարկ են տվել Գանձակ քաղաքին»,- իր տեսաուղերձում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով՝   ժամանակին զգուշացրել էր:

«Ափսոսում եմ, որ մեր պատմական Գանձակին… մենք նրանց զինվորական մշտական տեղակայման վայրերին խփել ենք: Խփել ենք, որովհետև նրանք են պարտադրել: Ուշքի եկեք, որովհետև շարունակելու ենք այլ քաղաքների, և, եթե անհրաժեշտություն լինի, ավելի մեծ քաղաքների: Այդ կրակը եղել է նախազգուշացման կրակ: Ի դեպ, հրամայել եմ դադարեցնել որոշ ժամանակ խոշոր քաղաքների վրա հրթիռային և հրետանակոծությունը՝ ժամանակ տալով հակառակորդին: Հեռու պահեք խաղաղ բնակչությունը: Ուզում եմ հայտարարել, որ այդ հրամանն արդեն իմ կողմից եղել է՝ դադարեցնել կրակը խոշոր տրամաչափի հրթիռային և հրետանային միջոցներից՝ խոշոր բնակավայրերի ուղղությամբ: Դուք եք սկսել այս պատերազմը, դուք եք առաջին հերթին խախտել հումանիզմի կանոնները՝ թիրախավորելով խաղաղ բնակչությունը: Ժամանակ ունեք, մտածե՛ք»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը:

Արցախի Հանրապետության նախագահը շեշտեց. «Շարունակելու ենք մինչև վերջ. մինչև վերջին մարդը, մինչև վերջին զինվորը պատրաստ ենք զոհվելու, անհնարին է նման պարագայում հաղթել»:

Նա կոչով դիմեց Հայաստանի և Սփյուռքի հայերին. «Սա սրբազան պատերազմ է, հայրենական պատերազմ է, ուզում եմ, որ շարունակվի մնալ այս համախմբվածությունը՝ առաջին հերթին օգնելու մեր տարհանվածներին, նրանք, ովքեր կարիք ունեն: Ուզում եմ՝ համախմբվենք իշխանությունների շուրջը, որովհետև այսօր, քան երբևէ, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանության դերը բարձր է, մեծ է, պատասխանատու է, վճռական-վճռորոշ է: Ուզում եմ, որ այդ աջակցությունը շարունակի մնալ ՀՀ իշխանության հետ կապված և Արցախի իշխանությունների նկատմամբ: Ուզում եմ՝ պայքարենք բոլորս միասին՝ Ադրբեջանի դեմ, բայց ոչ ադրբեջանցիների դեմ: Ես ուզում եմ, որ մեր հայերը գիտակցեն, որ գերի է Ադրբեջանի ժողովուրդը բռնապետ իշխանության և Թուրքիայի ձեռքին: Նրանց կեղծ աշխարհաքաղաքական ձգտումների և իշխանությունը պահելու մոլուցքի պատճառով տառապում են: Տառապում են, որովհետև այս ամբողջի հետևանքները խաղաղ ժողովուրդն է քաղելու:

Դրա համար Ադրբեջանի ժողովուրդը ևս տուժող կողմ է լինելու՝ իր իշխանության և Թուրքիայի ձեռքին, դրա համար մենք պետք է պայքարենք միասնական, աշխարհով մեկ՝ Ադրբեջանի իշխանության դեմ: Եվ այդ պայքարի ձևերը դուք գիտեք. պայքարել քաղաքակիրթ եղանակով այս փուլում, բայց նշում եմ՝ այս փուլում: Ես նշել եմ, որ ամեն ինչի համար պատասխան է տալու Ալիևի ընտանիքը: Ուզում եմ, որ պատրաստ լինենք, առաջին հերթին, մեր կյանքի գնով պաշտպանելու մեր հողը, մեր հայրենին և մեր սերունդների ապագան: Հաղթանակը մերն է լինելու, չկասկածեք»:

Տեսանյութեր

Լրահոս