Ղարաբաղում վերսկսված հակամարտությունն Էրդողանը դիտարկում է որպես նոր թիրախ իր իմպերիալիստական հավակնությունների համար. Jerusalem Post
Թուրքիայի վերջին տարիների աննախադեպ ագրեսիվ արտաքին քաղաքականությունն ազդեցություն է ունենում Անկարայի հետաքրքրության դաշտում գտնվող երկրների վրա: Այս մասին գրում է Jerusalem Post-ը՝ շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղում վերսկսված հակամարտությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից դիտարկվում է որպես նոր նպատակ իր իմպերիալիստական հավակնությունների համար, այդ իսկ պատճառով ինքնիշխան Հայաստանը ենթարկվում է Թուրքիայի հարձակմանը:
Աղբյուրը նշում է, որ անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների բռնկումից առաջ՝ սեպտեմբերի 19-ին, սիրիական աղբյուրները բացահայտել են, որ Թուրքիան սկսել է կամավորների հավաքագրել Սիրիայի հյուսիսային Աֆրին քաղաքում՝ նրանց հետագայում հակամարտության գոտի տեղափոխելու համար: Հաղորդվում է, որ վարձկաններին տեղափոխել են վերապատրաստման ճամբար Թուրքիայում, որտեղից էլ նրանք թուրք զինվորների հսկողությամբ մեկնել են Բաքու:
Ըստ Flightradar24.com-ի տվյալներին, ինչպես ներկայացնում է պարբերականը, թուրքական օդանավը մեկնել է Տրիպոլիի «Միտիգա» օդանավակայանից և վայրէջք կատարել Բաքվում: Ռազմական փորձագետների կարծիքով՝ օդանավը մի խումբ թրքամետ վարձակնների է տեղափոխել՝ հայկական զինված ուժերի դեմ կռվելու համար:
«Էրդողանի իրական նպատակները ղարաբաղյան հակամարտության հարցում հստակ չեն, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ թուրքական ներխուժումը կարող էր հանգեցնել Ռուսաստանի ներգրավմանն ու հետագա էսկալացիայի: Կարծես, եթե դիմակայող կողմերը գործնական քայլեր չանեն խաղաղ կարգավորման հասնելու համար և չկանխեն օտար միջամտությունը, աշխարհն ականատես կլինի նոր երկարատև հակամարտության և բազմաթիվ քաղաքացիական կորուստների»,- եզրափակում է պարբերականը: