«100 % հաղթելու ենք, ուրիշ ձև չկա: Մեր ազգը միշտ հաղթանակած ա եղել ու հաղթանակած էլ կլինի». կամավորներ
Արդեն 5-րդ օրն է՝արցախաադրբեջանական սահմանին շարունակվում են մարտերը: Ու չնայած պաշտպանության բանակը հայտնում է, որ իր ստորաբաժանումներն իրենց առաջ դրած մարտական խնդիրը կատարում են, կամավորների հոսքը չի դադարում: Բոլորը միաբերան նշում են, որ ցանկանում են հասնել սահման ու կատարել իրենց առաջ դրված խնդիրը, այսինքն՝ հաղթել:
Զինվորական կոմիսարիատներում ամեն ինչ արվում է հավուր պատշաճի: Ձևավորվում են խմբեր, կազմում են փոքրիկ ջոկատներ՝ դեպի առաքելությունը կատարելու:
«Շատ բարձր, շատ ուժեղ տարամադրությամբ, բարձր տրամադրությամբ էթում ենք մեր պոստերը պահենք՝ մեր հայրենիքի համար, մեր տղեքի կողքը, մեր քույր-եղբայրների կողքին գնում ենք կայնենք: Մասնագիտացում ունեմ, ՊՎՕ-ի ծառայող եմ եղել: Տրամադրությունը շատ բարձր ա, ու շատ ուժեղ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց կամավորներից մեկը:
Տղաները վստահեցնում են՝ հաղթանակած են հետ գալու, չէ՞ որ գնում են մեր հողը պաշտպանելու համար:
«Շատ լավ, ուրախ, հաղթանակի ենք գնում»:
«Բոլորի տրամադրությունը բարձր մակարդակի վրա ա: Կամավոր տղերքը գնում են մեր հայրենիքը պաշտպանելու համար: Ամեն ինչ նորմալ ա: Շատ լավ է լինելու, մենք բոլորս վստահ ենք: Մեր ազգը միշտ հաղթանակած ա եղել ու հաղթանակած էլ կլինի»,- վստահեցնում են սահման գնացողները:
Ու ինչպե՞ս կարելի է չհաղթել, երբ կամավորին սահման են ճանապարհում իր սիրելիներն ու ծնողները, նրանք էլ են վստահ՝ հաղթելուց բացի, այլ տարբերակ չկա:
«Շատ բարձր տրամադրություն ունենք: Սրանից լավ չի լինում: Ցանկանում ենք ողջ գնան, ողջ հետ գան, ու մենք մեր ուզածին հասնենք, հաղթանակ տանենք: 100 % հաղթելու ենք, ուրիշ ձև չկա: Մերը հաղթանակն ա»,- վստահեցնում էին կամավորների ծնողները:
Ու մինչ զինվորական կոմիսարիատներում խմբեր էին հստակեցնում, հավաքված կամավորներն անձնական զրույցներում ասում էին, թե գնում են նոր հողեր վերցնելու, Բաքվում իրենց համար մի հարմար վայր գտնելու համար:
«Էթում եմ, որ մի բան անեմ: Որ պտի էթամ՝ պախկվեմ, էլ էթում եմ՝ ի՞նչ, մեր տունն էլ կպախկվեի: Բարձր տրամադրություն ունեմ, ընտիր: Արտակարգ, դրանից բարձր չի լինում»,- ասում են կամավորները:
Զինվորական կոմիսարիատներում իրենց տղաներին, ամուսիններին, որդիներին, հայրերին ու եղբայրներին ճանապարհող կանայք էլ են վստահ, որ սահման գնացող կամավորն ու զինվորները պատվով կատարելու են իրենց առաջ դրված խնդիրը: Իրենք էլ իրենց մաղթանքն են հղում, աղոթում, որ գնացողն առողջ հետ գա՝ խաղաղ երկրում հաղթանակած կատարելու իր մյուս առաքելությունները.
«Բոլորին էլ առողջություն, հաջողություն, բարով-խերով գան ստեղ հասնեն: Մեր բոլոր երեխաներին, մեր բոլոր ջահելներին առողջություն, հաջողություն: Էս կռիվն էլ թող շուտ պրծնի, հասարակ ժողովրդին էս կռիվը պետք չի, ցավդ տանեմ»:
«Խաղաղ երկինք, առողջություն, բոլորին հաջողություններ: Անպայման հաղթելու ենք»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում