Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը շնորհավորել են Կիպրոսի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսին՝ Անկախության օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմագույն շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Կիպրոսի եղբայրական ժողովրդին` մաղթելով շարունակական առաջընթաց, բարօրություն և խաղաղություն:
Դարերի խորքից եկող հայ-կիպրական հարաբերությունները բարեկամության բազմաթիվ դրսևորումներ են ունեցել, որոնց հիմքում ընկած են պատմամշակութային առնչությունները, ընդհանուր հոգևոր արժեքներն ու փոխադարձ համակրանքը:
Հայաստանն արժևորում է բարեկամ Կիպրոսի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջպետական համագործակցությունն ու գերազանց քաղաքական երկխոսությունը, որոնք, տարեցտարի ամրապնդվելով և ընդլայնվելով, ձեռք են բերել դաշնակցային բնույթ։ Վստահ ենք, որ մեր երկու երկրների միջև հաստատված եղբայրական հարաբերություններն ու փոխշահավետ գործակցությունը գալիք տարիներին ևս կարձանագրեն նորանոր ձեռքբերումներ»:
Կիպրոսի նախագահին Անկախության օրվա առթիվ շնորհավորել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն առանձնահատուկ կարևորել է եղբայրական Կիպրոսի հետ դարավոր բարեկամության, պատմամշակութային կապերի և ընդհանուր հոգևոր արժեքների վրա խարսխված սերտ հարաբերությունները, որոնք Հայաստանի հետ համագործակցության խորացման և զարգացման լավագույն հենքն են։
«Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Ադրբեջանը տասնամյակներ շարունակ փորձում է ռազմական ուժով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ ոտնահարելով միջազգային և բարոյական բոլոր նորմերը, հրաժարվելով բանակցային սեղանի շուրջ գտնել հակամարտության խաղաղ կարգավորման բանալին: Արցախը և Հայաստանը միահամուռ դիմակայել են ադրբեջանական ղեկավարության այս արկածախնդրային և կործանարար քաղաքականությանը, որի ետևում կանգնած է Թուրքիան, և կշարունակեն արժանի պատասխան տալ թշնամուն: Վստահ եմ, որ Հայաստանի և Արցախի համար այս ծանր պահին եղբայրական Կիպրոսը կանգնած է մեր կողքին»,- ասված է Հանրապետության նախագահի ուղերձում:
Նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոս Անաստասիադիսին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Կիպրոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և շարունակական առաջընթաց: