«Գիշերվա և առավոտյան մարտերի ընթացքում հակառակորդն ունի 350-360 զոհ, 600 վիրավոր, 3 խոցված ուղղաթիռ, 15 զրահատեխնիկա, 1 «Սմերչ» կայան և 6 ԱԹՍ». Ա. Հովհաննիսյան
Ընդհանուր առմամբ, գիշերը թեժ մարտեր չեն եղել: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Եղել են որոշակի փոքր մարտական գործողություններ նույն հատվածներում, հակառակորդը կատարել է որոշակի վերախմբավորման գործընթաց, սակայն առավոտ՝ լուսաբացից հետո, որոշակիորեն թեժացել են մարտերը: Ըստ էության, ուղղությունները նույնն են մարտական գործողությունների: Րոպեներ առաջ ՊԲ-ն հայտնեց, որ խոցել են ևս մեկ ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում:
Ընդհանուր առմամբ, գիշերվա ընթացքում և վաղ առավոտյան որոշակի թեժացած մարտերի արդյունքում ունենք հետևյալ պատկերը: Այն է՝ հակառակորդի բոլոր հարձակողական փորձերը՝ անկախ իրենց չափերից և մարտավարությունից, կրել են անհաջողություն: Հայկական զինված ուժերը հետ են շպրտել հակառակորդին` պատճառելով որոշակի վնաս: Մասնավորապես, հակառակորդի կորուստները գնահատվում են 350-360 զինծառայող, մոտ 600 վիրավոր, խոցվել է 3 ուղղաթիռ՝ ներառյալ վերջին նշվածը, մոտավորապես 15 միավոր տարբեր տեսակի զրահատեխնիկա՝ տանկեր, ՀՄՄ-ներ և այլն, 1 «Սմերչ» կայան և 6 ԱԹՍ, որից 2-3-ը խոցվել է մոտավորապես կեսգիշերի սահմաններում»,- մանրամասնեց նա՝ հավելելով, որ մարտական գործողությունները շարունակվում են, ավելի շատ հրետանի է կիրառվում:
«Րոպեներ առաջ տեղեկություն ստացա, որ մարտական գործողությունները սկսել են թեժանալ»,-ասաց Հովհաննիսյանը: