Բաժիններ՝

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ-ի կազմավորման 71-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կազմավորման 71-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 71-րդ տարեդարձի կապակցությամբ: Չինաստանը Ձեր ղեկավարությամբ կարողացավ հաղթահարել COVID-19 համավարակի բռնկումը և հաստատուն քայլերով շարունակում է դրա հետևանքների դեմ պայքարը՝ փայլուն օրինակ ցույց տալով աշխարհին ու սատարելով բարեկամ երկրներին։ Մեծապես կարևորում եմ միջազգային ասպարեզում տեղի ունեցող փոփոխությունների ժամանակահատվածում մեր երկրների միջև շարունակվող բարձր մակարդակի երկխոսությունը և փոխադարձ աջակցության քաղաքականությունը։

Գոհունակությամբ եմ հիշում անցյալ տարի Չինաստան կատարած իմ այցի շրջանակներում մեր հանդիպումն ու մտքերի փոխանակումը։ Ցանկություն ունենալով խորացնել ու ընդլայնել առկա երկկողմ քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերը և նախանշելով փոխգործակցության նոր ուղիներ՝ մենք ուրվագծեցինք մեր երկրների զարգացման ու երկկողմ կապերի սերտացման ուղեգիծը՝ կոչված իրացնելու հայ-չինական բազմաոլորտ գործակցության լայն ներուժը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» կարևոր նախաձեռնության շրջանակներում: Վստահ եմ, որ մեր ձեռք բերած պայմանավորվածությունները կշարունակեն կյանքի կոչվել՝ ի շահ մեր երկրների և ի բարօրություն հայ և չին ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նորանոր հաջողություններ և ամենայն բարիք, իսկ բարեկամ չին ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանին:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի կառավարությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 71-րդ տարեդարձի առթիվ: Չինաստանը արդյունավետ և հետևողական կառավարման շնորհիվ կարողացավ հաղթահարել COVID-19 համավարակի մարտահրավերը և հաստատուն քայլերով շարունակում է տնտեսության վերականգնումը։ Մեծ նշանակություն եմ տալիս համավարակով պայմանավորված այս բարդ ժամանակահատվածում մեր երկրների միջև շարունակվող բարձր մակարդակի կապերին և միմյանց ցուցաբերած տարաբնույթ աջակցությանը։ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ գործընկերության համակողմանի, կայուն և հետևողական զարգացումն ու ընդլայնումը տարբեր ոլորտներում: Լիահույս եմ, որ նախորդ տարվա մայիսին Չինաստան կատարած իմ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կշարունակեն կյանքի կոչվել համավարակով պայմանավորված խոչընդոտների հաղթահարումից հետո և կգրանցեն նաև շոշափելի տնտեսական արդյունքներ՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների։

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,-նշված է ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս