Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ զրույցում ընդգծել է ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության անթուլատրելիությունը
Վարչպետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։
Զրույցի առանցքում եղել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումները, որոնց վերաբերյալ կողմերն ունեցել են հանգամանալից քննարկում:
Վարչապետ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման վրա և վերստին ընդգծել ռազմական գործողություններում այդ երկրի ներգրավվածության անթուլատրելիությունը:
Նախագահ Միշելը կարևորել է հրադադարի շուտափույթ հաստատումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսումը: Որպես խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտ պայման՝ վարչապետ Փաշինյանը նշել է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների դադարեցումը և Թուրքիայի ներգրավվածության իսպառ բացառումը տարածաշրջանում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ):
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։