«Տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել, մենք շատ կարևոր դիրք կամ առաջխաղացում չենք ունեցել». Արայիկ Հարությունյան

Երեկ Ադրբեջանը շտապել է հայտարարել, թե իբր մի քանի գյուղ են գրավել, բայց այդպիսի բան չի եղել:
Հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը` նշելով, որ հակառակորդն ավելի քան 50 տանկ է օգտագործել:

Ըստ նրա, ՊԲ ստորաբաժանումները կարողացել են խոցել տասնյակ ռազմական տեխնիկա:

Արցախի նախագահը հայտարարեց, որ Ադրբեջանը բավական երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին:

«Ամիսներով պատրաստվել են այսօրվան, որ փորձեն վնասել մեր կապի ուղղությունները: Մասնագետներն ասում են, որ դա օրերի խնդիր չի: Այն որ սուտասան, խաբեբա ղեկավարությունն Ադրբեջանի հայտարարում է, որ իբր հայկական կողմը հարձակում է սկսել և իրենք անցել են հակահարձակման, դա հերթական անգամ ապացուցում է, թե ում հետ գործ ունենք: Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ստում է ամբողջ աշխարհին, և ամբողջ աշխարհը գիտի դրա մասին»,-նշեց Հարությունյանը` հավելելով, որ հակառակորդն օգտագործել է հարձակողական տեխնիկա` տանկեր, ուղղաթիռներ, անօդաչուներ:

«Նման վարքագիծ ունեցող իշխանության հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ: Եվ ամեն օր դուք տեսնում եք Թուրքիայի լկտիությունը: Մենք կռվում ու մարտնչում ենք թուրք- ադրբեջանական համատեղ ուժերի դեմ, և դա ընդհանուր ծրագիր է: Խնդիրը միայն Արցախը չէ, և մենք բոլորս պետք է դա իմանանք: Ուզում եմ նշել, որ տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել, մենք շատ կարևոր դիրք կամ առաջխաղացում չենք ունեցել»,-շեշտեց Արցախի ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս