Դիրքային փոփոխություններ եղել են: ՊԲ-ն թիկունքային, տեխնիկական, մարտական  առումով խնդիր չունի. ՊԲ հրամանատարի տեղակալ

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը, խոսելով արցախաադրբեջանական սահմանին առկա իրավիճակի մասին, ասաց, որ, այսօրվա արդի սպառազինությունն օգտագործելով՝ ժամանակակից համազորային մարտ է ընթանում, որի դինամիկան անընդհատ աճում է, և ժամ առ ժամ փոփոխություն է տեղի ունենում՝ օպերատիվ, օպերատիվ-մարտավարական իրավիճակով:

«Դիրքային փոփոխություններ, բնականաբար, եղել են՝ որոշակի դիրքային խորությամբ: Գիշերվա ընթացքում տեղի են ունեցել համառ մարտեր գիշերային պայմաններում, որոշ հատվածներում վերականգնվել է»,- ասաց ՊԲ հրամանատարի տեղակալը:

Լրագրողի հարցին, թե համապատասխանո՞ւմ է իրականությանն այն տեղեկությունը, որ ադրբեջանական բարձրաստիճան սպա է գերեվարված, Արթուր Սարգսյանը նշեց, որ ՊԲ-ում նման տվյալներ չկան, ու դա «ընդամենը ենթադրություն և եզրահանգումներ» որակեց:

Մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր է՝ դիրքերի կորստի ժամանակի հայ գերիներ կամ զինվորներ մնացած լինեն թշնամու մոտ, Արթուր Սարգսյանն արձագանքեց.

«Քանի որ այս պահին ինտենսիվ, համառ մարտեր են ընթանում,  չենք կարող այդ տեղեկությունը ոչ հերքել, ոչ հավաստի Ձեզ հիմնավոր պատասխանել»:

ՊԲ հրամանատարի տեղակալը նաև անդրադարձավ ադրբեջանական մամուլում տարածված կեղծ տեղեկություններին, թե հակառակորդն ունի տարածքային առաջխաղացում՝ մասնավորապես, Ֆիզուլիի կողմից, և Արցախում կա պարենային և դեղորայքային խնդիր:

«Միանշանակ, թե՛ թիկունքային, թե՛ տեխնիկական և, առավելևս, թե՛ մարտական ապահովման առումով ոչ մի խնդիրներ Պաշտպանության բանակը չունի: Իսկ ինչ վերաբերում է տվյալ ուղղություններով ունեցած հաջողույթուններին, Ձեզ հավաստիացնում եմ, որ հաջողությունները ժամանակավոր եղել են դիրքային և անընդհատ փոփոխական, և իրենք սովորաբար օգտագործում  են այն ուղղությունների, բնակավայրերի անունները, որտեղ ընթանում են համառ մարտեր՝ օգտագործելով լարվածությունը, քանի որ տվյալ պահին, բնականաբար, հիմնավորում են իրենց մեծաթիվ քանակով և սպառազինության օգտագործմամբ՝ հույս ունենալով, որ նաև կարդարացնեն իրենց նպատակներն ու խնդիրների կատարումն օգտագործված միջոցներով»,- վստահեցրեց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս