Սա լավ պլանավորված ադրբեջանական հարձակում է. BBC-ի թղթակցի անդրադարձը

Հեղինակավոր BBC լրատվականի թղթակիցը, եթերում մեկնաբանելով արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, հեռուստադիտողին հստակ ներկայացրել է, որ դա միանշանակ ադրբեջանական հարձակում է, որը լավ պատրաստված, պլանավորված է եղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թղթակիցը, մասնավորապես, նկատել է, որ սա աներևակայելի դժվար փուլ է:

«Թվում է, որ սա լավ համակարգված, շատ լավ պատրաստված, նախապես պլանավորված էր: Ինձ թվում է, որ սա միանշանակ ադրբեջանական հարձակում է, որը վերջին շաբաթների ընթացքում շատ միտումնավոր պատրաստվում էր»,-նշել է լրագրողը:

Նա նկատել է, որ դատելով հայտարարություններից և գործողություններից, որ տեղի են ունենում, օրինակ՝ Հայաստանում լայնամասշտաբ պահեստազորի մոբիլիզացիան, Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները, թե այժմ ժամանակն է վերջնականապես «ազատագրելու» Ղարաբաղը, իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է:

Թղթակիցը նշել է նաև, որ շատ հավանական է Թուրքիայի ներգրավվածությունը, վերջինս բացահայտ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին վերջին շրջանում: Թղթակիցը հիշեցրել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի զորավարժությունների մասին: Նա նկատել է՝ հավանական է, որ նույնիսկ Թուրքիան զինյալներ է ուղարկել Ադրբեջան:

BBC-ի թղթակիցը նաև նկատել է, որ հարևան Իրանում ավելի շատ պրոհայկական տրամադրություններ են:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 21 զրահատեխնիկա:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Տեսանյութեր

Լրահոս