«Այս պահին ադրբեջանական ողջ մեդիատիրույթում տիրում է հակաիրանական քարոզչություն». Իրանագետ

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի խոսքով՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հռետորաբանությունը և երկրի ներսում տարվող քարոզն ու տրամադրությունները հայտնի են եղել հայկական կողմին։ Եվ ընդհանուր առմամբ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները վերսկսելու հետ կապված խնդիրն ընդամենը եղել է, թե երբ են ռազմական գործողություններ վերսկսում կամ աշխարհաքաղաքական ինչպիսի պայմաններում։

«Ապրիլյանից հետո տարվող քարոզը հուշում էր, որ մի օր այդ գործողությունները վերսկսվելու են»,- 168.am հետ զրույցում ասաց Արտյոմ Տոնոյանը։

Անդրադառնալով տարածաշրջանի երկրների  արձանգանքներին, մասնավորապես՝ իրավիճակի հետ կապված Իրանի Իսլամական Հանրապետության տրամադրվածությանը, Արտյոմ Տոնոյանը նախ ասաց, որ եղած բոլոր արձագանքները բավականին չեզոք են եղել՝ բոլորը նույն կոնտեքստում՝ դադարեցնել ռազմական գործողությունները և նստել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ։

Ըստ իրանագետի, հարևան Իրանի արտգործնախարարության հայտարարությունը նույնպես պարունակում էր ակնհայտ չեզոքություն, որտեղ ընդգծվում էր տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը։

«Իսկ, եթե դիտարկենք ոչ պաշտոնական մակարդակում եղած արձագանքները, ապա առերեսվում ենք երկու տարբեր իրականությունների հետ՝ մի կողմից՝ այսպես կոչված, որոշակի պանթուրքական շրջանակների ակտիվության քարոզչական դաշտը, այսինքն՝ ինչ-որ ադրբեջանական տեսահոլովակների տարածում և այլն։ Բայց շատ ավելի էական է հատկապես պետական որոշակի կարևոր ինստիտուտներին ու կառույցներին մոտ կանգնող շրջանակների կողմից տարվող քարոզը, սոցցանցային տարբեր հարթակներում շատ ավելի հայամետ է և ըստ էության բխում է հենց մեր շահերից։ Այս պահին ադրբեջանական ողջ մեդիատիրույթում տիրում է հակաիրանական քարոզչություն, տարածվում էին տեսահոլովակներ, որ իրանական տարածքով Հայաստան է տեղափոխվում ռազմատեխնիկա։ Իրանական դիրքորոշման հիմնական ինդիկատոր պետք է դիտարկել ադրբեջանական մամուլը»,- շեշտեց Արտյոմ Տոնոյանը։

Տեսանյութեր

Լրահոս