
Վիրավորների թիվը նվազել է. այս պահին 100-120-ի շրջակայքում է

Արցախաադրբեջանական սահմանին թշնամու կրակոցների հետևանքով վիրավորվածների թիվը փոխվել է դեպի նվազում. թեթև վիրավորվածները վերադարձել են ծառայության:
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս պահին հայկական կողմի վիրավորների թիվը 100-120-ի շրջակայքում է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ վիրավորների թիվը 200-ի է հասնում:
Ինչ վերաբերում է ծանր վիճակում գտնվողներին, Հովհաննիսյանը նշեց, որ վիճակագրական տվյալներ այս մասով չի կարող հայտնել, և հավելեց, որ խորքային կամ մասնագիտացված բուժօգնության կարիք ունեցողները տեղափոխվել են երևանյան մասնագիտացված հիվանդանոցներ և հոսպիտալներ:
Իսկ թե ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին` Հովհաննիսյանն ասաց, որ երեկվա հրետակոծությունից հետո մարտեր չեն եղել և այս պահին էլ չկան։