Բաժիններ՝

Յուրաքանչյուր հայ մարդու իրավունքն է Հայրենիքի պաշտպանությանը մասնակցելը, և եթե ունի այդ ցանկությունը՝ մենք միայն ողջունում ենք. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը՝ հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման  անցան արցախաադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը: Մինչ Հայաստանում և Արցախում կհայտարարվեր ռազմական դրություն և զորահավաք՝ ամբողջ Հայաստանի տարածքում արդեն հերթեր գոյացան՝ Արցախ մեկնելու համար:

Արտերկրում բնակվող մեր շատ հայրենակիցներ ևս ցանկություն են հայտնել գալ ու պաշտպանել հայրենի հողը, սակայն չգիտեն՝ ո՞ւմ դիմել և ինչպե՞ս տեղ հասնել:

Հարցի հետ կապված 168.am-ը կապ հաստատեց Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Ամալյա Կարապետյանի հետ:

«Յուրաքանչյուր հայ մարդ՝ աշխարհի որ ծայրում էլ լինի, նրա իրավունքն է Հայրենիքի պաշտպանությանը մասնակցելը, հայրենակիցների կողքին կանգնելը, և եթե ունի այդ ցանկությունը՝ մենք միայն դա ողջունում ենք: Եթե դիմեն, այդ հարցով ևս՝ պատրաստ ենք հնարավորության չափով համագործակցել»,- պատասխանեց  Ամալյա Կարապետյանը:

Հավելենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 28-ին ԱԺ-ում դիմեց Սփյուռքի մեր հայրենակիցներին:

«Արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք միայնակ դիմակայում ենք երկու երկրների բանակներին: Այս պատերազմում հաղթանակ տանելու մեր գրավականը լինելու է 10 միլիոն հայ մարդու համահայկական, համատարած մասնակցայնությունը:

Անկախ հանգամանքից՝ աշխարհի որ ծայրում եք ապրում, եթե դուք ձեզ համարում եք հայ մարդ, ապա պետք է ձեզնից յուրաքանչյուրը լինի առաջնորդ այս պատերազմում: Եթե մտադիր եք գալ Հայաստան, կանգնել զինվորի կողքին, լինել թիկունքում, ապա գտեք ճանապարհ և եկեք, մենք ձեր կարիքն ունենք: Եթե ուզում եք մնալ ձեր բնակության վայրերում, բայց մասնակիցը լինել այս պատերազմի, ապա տեղերում կարող եք լինել առաջնորդն այս պատերազմի:

Եթե մտադիր եք նյութական օժանդակություն տրամադրել, ապա կարող եք օգտագործել Համահայկական հիմնադրամի հաշվեհամարը:

Եթե ուզում եք աշխարհին ներկայացնել ճշմարտությունը, ապա լծվեք այդ գործին: 10 միլիոն հայ մարդու ամենօրյա օրակարգում պետք է լինի այս պատերազմը:

Պետք է հստակ գիտակցենք՝ սա բոլորովին այլ պատերազմ է՝ բոլորովին այլ տեսակի թշնամու դեմ, հետևաբար՝ հաղթելու միակ ճանապարհն ու գրավականը, ինչպես ասում են՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Ուրեմն՝ կոչ եմ անում համախմբվել, դառնալ միասնական մեկ սրբազան նպատակի շուրջ»,- նշեց Հայրապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս