«Իրավիճակը բարդանում է Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության պայմաններում». Տաթևիկ Հայրապետյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի խոսքով՝ Ադրբեջանն Արցախի ուղղությամբ սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում խախտել է մարդու իրավունքների բոլոր նորմերը։
«Այն իրողությունը, որը ստեղծվել է տարածաշրջանում, մասնավորապես՝ Ադրբեջանի լայանածավալ ռազմական գործողությունների արդյունքում, ավելի քան երբևէ մեր առջև պահանջ է դնում՝ ևս մեկ անգամ բարձրաձայնել, որ այդ պետությունը որևէ կերպ չի կարող երաշխավորել ոչ Արցախի, ոչ արցախցիների անվտանգությունը, այս գործոնները սակարկելի չեն։ Մենք, ավելի քան երբևէ, ամուր կանգնած ենք մեր դիրքերում, թույլ չենք տալու որևէ կերպ նսեմացվի Արցախի, արցախցիների ինքնորոշման և ազատ ապրելու իրավունքը»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նշեց Գոռ Գևորգյանը։
Նա միջազգային հանրությանը և պատկան մարմիններին կոչ արեց գործուն ու հստակ քայլեր ձեռնարկել այն պետության նկատմամբ, որը թիրախավորում է խաղաղ բնակչությանը։
«Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն էլ իր ելույթում նշեց, որ փաստացի արդեն երկրորդ օրն է՝ Ադրբեջանը հերթական ագրեսիան է ձեռնարկել Արցախի ուղղությամբ՝ սպառնալով արցախցիների գոյությանը և վտանգելով նրանց խաղաղ ապրելու իրավունքը։
«Երբ 90-ականներին լսում էի գոյամարտ եզրույթը, հասկանում էի, որ խոսքը գոյության համար մղվող մարտի մասին է։ Կյանքի և լինելու համար մենք հետքայլի տեղ չունենք, ունենք մեկ անելիք՝ լինել միասնական և հաղթել։ Իրավիճակը բարդանում է Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության պայմաններում։ Թեև այս օրերին հարցը լուծվում է ռազմի դաշտում՝ մեր զինվորների սխրագործության և քաջության շնորհիվ, բայց կարևոր է միջազգային հարթակներում տեղ հասցնել Ադրբեջանի ֆաշիստական էությունը։ Սա ցեղասպանի ձեռագիր է և պետք է ստանա արժանի գնահատական միջազգային հանրության կողմից»,- ասաց պատգամավորը։