«Ադրբեջանում ապրող թալիշներ, լեզգիներ և այլ փոքրամասնություններ, թույլ մի՛ տվեք, որ ձեզ նետեն առաջին գիծ». Արման Աբովյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում կոչով դիմեց Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություններին՝ թալիշներին, լեզգիներին, թաթերին և այլոց։
«Սա ձեր պատերազմը չէ, պարզապես բացեք և նայեք այն զոհերի անունները, որոնք արդեն կան՝ հիմնականում դուք եք, հիմնականում ձեր ազգության ներկայացուցիչներն են։ Հարց տվեք ձեզ, թե ինչու ալիևյան, ֆաշիստական ռեժիմն առաջնագիծ է նետում հենց ձեզ, բնիկներին, որոնց հետ մենք հարյուրամյակներ կողք կողքի ապրել ենք»,- ասաց Արման Աբովյանը։
Նա կոչ արեց, որպեսզի Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություններն իրենց երեխաներին Ադրբեջանից տանեն, սաբոտաժ անեն ալիևյան հանցավոր վարչակազմի բոլոր հրահանգները։
ԲՀ խմբակցության քարտուղարը նաև նշեց, որ Ադրբեջանը նրանց ուղարկում է ինքնաոչնչացման Արցախի հայկական լեռներում։
«Մի բան զգուշացնեմ, կապ չունի՝ ով ուզում է՝ լինի, զինված ոտքը դրեց Արցախ կամ Հայաստան, միանշանակ ոչնչացվելու է, կոչ եմ անում՝ փրկեք ձեր երեխաների կյանքը։ Ձեզ հարց տվեք, թե ինչու է այսօր Ադրբեջանում արգելվել քաղաքացիական թռիչքները, որպեսզի թույլ չտան ազգային փոքրամասնություններին՝ խուսափեն այն փորձերից, որին ուզում են նրանց դարձնել հանցակից»,- եզրափակեց պատգամավորը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում