
ՌԴ-ն կոչ է անում բոլոր արտաքին խաղացողներին զսպվածություն դրսևորել Արցախյան կոնֆլիկտի շուրջ

Սեպտեմբերի 28-ին ՌԴ փոխարտգորնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կոչ է անում ցանկացած ներքին և արտաքին խաղացողներին առավելագույնս զսպվածություն դրսևորել Արցախյան կոնֆլիկտի շուրջ, այդ թվում՝ հռետորաբանության տեսակետից։ Ըստ Ռազմինֆոյի՝ ՌԴ ԱԳՆ-ն նկատի ունի կոնֆլիկտի որևէ երրորդ կողմի, այս դեպքում հավանաբար ակնարկվում է Թուրքիան, քանի որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ընթացքում միայն Թուրքիան է փորձում էլ ավելի սրել իրավիճակը և միջամտել կոնֆլիկտին։
«Այս պահին կարևոր է լինել առավելագույնս զգույշ, որպեսզի անհապաղ հրադադար հաստատվի և կողմերը վերադառնան բանակցությունների սեղանին»,– ասել է ռուս պաշտոնյան։
Նշենք, որ կեսգիշերին արտաքին կողմերի մասին նմանատիպ հայտարարություն է արել նաև ԱՄՆ պետքարտուղարությունը, նշելով, որ արտաքին ուժերի մասնակցությունը կոնֆլիկտին կարող է միայն խորացնել տարածաշրջանում լարվածությունը։
Հիշեցնենք, որ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Արցախի դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան: Ադրբեջանական կողմն օգտագործում է թուրքական Bayraktar ԱԹՍ-ներ, F-16 կործանիչներ: Դեռևս չհաստատված տվյալ կա F-16-ի խոցման մասին, բայց դա վերջնական հաստատված չէ: Ոչ միայն թուրքական ԱԹՍ ու ինքնաթիռ է ներգրավված, այլև զինվորականներ: Թուրքական ԱԹՍ-ներն օգտագործում են հենց իրենք՝ թուրքական բանակի ներկայացուցիչները։