«Մեր խնդիրն է՝ ջարդել Ադրբեջանի մռութը, որ մի քանի տարի ոռնան». «Արաբո» ջոկատի հրամանատար

«Երբ ադրբեջանցիները հարձակում սկսեցին՝ մեր զինվորները ցույց տվեցին իրենց ոգու տոկունությունը: Ցույց տվեցին, որ հայ զինվորը կա՛մ հաղթում է, կա՛մ մեռնում: Այ, դա է իսկական զինվորի կերպարը: Մենք ստեղծել ենք այն զինվորի կերպարը, որը ժամանակին կռվել է Հռոմի, Ասորեստանի հետ: Փա՛ռք, այդ տղաներին»,- ասուլիսի ժամանակ ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

«Արաբո» ջոկատի հրամանատարը նշեց՝ ՀՀ հազարավոր քաղաքացիներ ցուցակագրվում են, որպեսզի գնան սահման:

«Հայ տղամարդը պատերազմից չի վախենում: Այսօր ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ղազախստանից, Աբխազիայից զանգում են, հայտնում, որ խմբերը պատրաստ են և ուզում են գալ ու մասնակցել ազատամարտին: Ադրբեջանցիները ռմբակոծում են խաղաղ բնակչությանը, մահանում է 10 տարեկան երեխա ու, եթե այդպես է՝ պետք է ստեղծենք մոտոհրաձգային բրիգադ՝ 5000 մարդով, և նախահարձակ լինենք և ավերենք Ադրբեջանի ամբողջ շրջանները, որ հասկանան՝ խաղաղ ժողովրդին սպանել պետք չէ: Մենք մի բան էլ ենք շահել. Թուրքիան հասկացավ, որ մենք Եղեռն տանող ժողովուրդը չենք: Հայ ամեն մի զինվոր հիմա պատմություն է կերտում, և սա մեր հաղթանակի սկիզբն է»,- նկատեց Մանվել Եղիազարյանը: Նա անդրադարձավ այն մտավախությանը, որ Թուրքայի հետ կարող է պատերազմ լինել՝ ասելով.

«Պարտավոր ենք մեկ բան հիշել. Մեղրին ոչ միայն հայ ժողովրդի, այլև Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի խնդիրն է: Եթե Մեղրին չլինի՝ իսլամիստական ազդեցությունը հասնելու է Կովկասով՝ Ուրալ, և այդպես շարունակ, ու բոլորը խնդիրներ են ունենալու, առավել ևս՝ Ռուսաստանը: Այնպես որ՝ մարդկանց թող չվախեցնեն, թե Թուրքիան նախահարձակ կլինի, Մեղրին կգրավի: Թուրքիան ոչ մի բան էլ չի անի. այո՛, կամավորներ կարող է ուղարկել Ադրբեջան, բայց հարձակման չի անցնի: Այնպես որ, մեր խնդիրն է՝ ջարդել Ադրբեջանի մռութը, որ մի քանի տարի ոռնան, թե՝ մեզ ծեծել են հայերը»:

Տեսանյութեր

Լրահոս