«Մեր զինված ուժերն այս պահին վարում են համառ և հերոսական մարտեր. ունենք մոտ 200 վիրավոր, մի մասը տեղափոխվել է Երևան». Արծրուն Հովհաննիսյան

Ողջ գիշեր ընթացել են մարտեր` Արցախի ողջ սահմանի երկայնքով, հատկապես` հյուսիսային ու հարավային։ Հայկական կողմին հաջողվել է ունենալ որոշակի դիրքային բարելավումներ։ Հակառակորդը դրանով չի հանգստացել և շարունակել է հակագրոհներ իրականացնել որոշ տեղերում, որոնք հայկական կողմը հետ է մղել: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Վաղ առավոտյան, կիրառելով հրետանային միջոցներ, այդ թվում` ծանր հրանետեր, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները  վերսկսել են հարձակողական գործողությունները։ Մեր զինված ուժերն այս պահին վարում են համառ և հերոսական մարտեր: Նոր կորուստների մասին արդեն պաշտոնապես հայտնել ենք,  լրացուցիչ տեղեկությունները ճշտվում են, նոր տվյալներն ամփոփելիս կհայտնենք այդ ամենը: Այս պահի դրությամբ ունենք մոտ 200 վիրավոր, մի մասը տեղափոխվել է Երևան, բոլորը գտնվում են բժշկական պատշաճ վերահսկողության  ներքո՝ տարբեր զինվորական հոսպիտալներում և քաղաքացիական հիվանդանոցներում»,- մանրամասնեց նա:

Տեսանյութեր

Լրահոս