Արծրուն Հովհաննիսյանը չի հաստատում գեներալի գերի ընկնելու մասին լուրը. aravot.am
Այսօր վաղ առավոտյան լուր հրապարակվեց, թե «ըստ որոշ տեղեկությունների» վիրավորվել եւ գերի է ընկել գեներալ Մայիս Բարխուդարովը: Artsakh1am կայքը, հղում տալով ադրբեջանական Genc Bozqurdlar լրատվական կայքի ֆեյսբուքյան էջին, նշում է, որ առաջանագծից ստացված լուրերի համաձայն՝ վիրավորվել և գերի է ընկել ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովը:
Վերջինս գեներալի կոչումը ստացել էր 2016-ին Լելե Թեփեի գրավումը իրականացնելու համար: Aravot.am-ը Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանից փորձեց ճշտել տեղեկության իսկությունը:
«Ես նման տեղեկություն չունեմ: Կրկին հորդորում եմ՝ ձեռնպահ մնալ առանց պաշտոնական տեղեկատվության նման լուրեր հրապարակելուց»,-պատասխանեց նա:
Հիշեցնենք, որ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ադրբեջանական Genc Bozqurdlar լրատվական կայքը հաղորդել է, որ Ադրբեջանի զինված ուժերի գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովը վիրավորվել է և գերի ընկել: