
ԱՄՆ Պետդեպը հայտարարությամբ դիմել է Հայաստանին և Ադրբեջանին

«Միացյալ Նահանգներն անհանգստացած է հաղորդագրություններից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմագործողությունների մասին, որոնց արդյունքում գրանցվել են էական զոհեր, այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում»,-րոպեներ առաջ նման հաղորդագրությամբ է հանդես եկել ԱՄՆ Պետդեպարտամենտը։
ԱՄՆ, ըստ հաղորդագրության, ամենասուր կերպով դատապարտում է այս բռնության սրացումը։ «Պետքարտուղարի տեղակալ Բիգենը զանգահարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին և Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հորդորելով երկու կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, օգտագործելով նրանց միջև գոյություն ունեցող ուղղղակի հաղորդակցական կապերը ՝ հետագա սրացումներից խուսափելու համար, և խուսափելով անօգուտ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք էլ ավելի են բարձրացնում լարվածությունը տեղում»,-ասված է հաղորդագրությունում։
Միացյալ Նահանգները կարծում է նաև, որ արտաքին ուժերի մասնակցությունն այս սրացմանը խորապես անօգուտ կլինի և միայն կխորացնի տարածաշրջանային լարվածությունը: «Մենք կողմերին հորդորում ենք աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնան առարկայական բանակցությունների: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՝ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը հասնելու հարցում»,-նշված է ԱՄՆ Պետդեպի հաղորդագրությունում։