
«Մարտերն ինտենսիվ են, և խոսել, որ մենք ընդհանրապես կորուստներ չենք ունենա, կամ չունենք, մի քիչ ճիշտ չի լինի». Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը հրթիռային, ավիացիոն և հրետանային հարվածներ է հասցրել ՊԲ զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյեկտներին:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Կան որոշակի ավերվածություններ, կորուստներ: Դրանք հիմնականում չնչին են: Կճշտենք և կոնկրետ թվագրական տվյալներ լրացուցիչ կներկայացնենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է մարդկային և տեխնիկական կորուստներին հայկական կողմից, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց.
«Քանի որ մարտերն ընթանում են, և բավականին ինտենսիվ մարտեր են ընթանում, կոնկրետ կորուստների մասով ամփոփիչ տվյալներ մենք չենք կարող ներկայացնել: Դա բավականին անպատասխանատու կլինի մեր կողմից, քանի որ կա սխալվելու հավանականություն, քանակ, մարդկանց անուններ, մի քիչ դժվար է: Բայց քանի որ մարտերն ինտենսիվ են, խոսել այն մասին, որ մենք ընդհանրապես կորուստներ չենք ունենա, կամ չունենք, մի քիչ ճիշտ չի լինի»: