«Մենք գնում ենք հայոց բանակի հրամանատարության ներքո». Հրանտ Մարգարյան

Հայ հեղափոխական դաշնակցությունն (ՀՅԴ) այս պահին Արամ Մանուկյանի հուշարձանի ոտ կամավորականների հավաք է նախաձեռնել, որի ընթացքում խոսք ասաց նաև ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Այսօր ունենք մեկ խնդիր՝ թշնամուն ծնկի բերելու, և դրան պետք է պատրաստ լինենք: Եվ մենք՝ իբրև ժառանգորդները Գևորգ Չաուշի, Աղբյուր Սերոբի, Նիկոլ Դումանի, Արամ Մանուկյանի, Վարդան Դուշմանի, Արթուր Մանուկյանի, Թաթուլ Կրպեյանի, պետք է գնանք առջևից՝ մեզ հետ տանելով ժողովուրդն ու ազգը: Մենք պետք է սովորեցնենք, որ հայրենասիրությունը գործ է, ոչ թե խոսք: Թող ազգովի խենթանանք, որ այլևս չփորձեն զենքի ուժով մեզ բան պարտադրել»,-ասաց ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Ըստ նրա՝ բոլորը պետք է հասկանան, որ սա 3 միլիոն ժողովրդի դեմ կռիվ չէ, այլ 3 միլիոն բանակի:

«Դա պետք է ամեն օր զգան ճակատում: Մենք գնում ենք՝ առանց հավակնություն ունենալու, որ մենք հարց որոշող ենք: Մենք գնում ենք հայոց բանակի հրամանատարության ներքո, նրանց կարգադրությամբ ու ամեն վայրկյան սպասում ենք հրամանի»,-ասաց Հրանտ Մարգարյանը:

Նրա խոսքով՝ պատերազմ է, և այսօր մենք իրավունք չունենք դժգոհելու, բամբասելու ու պետք է միասնական գործենք:

«1-ին վաշտը պատրաստ է հենց այս վայրկյանին մեկնել ճակատ, 2-րդ վաշտը գալիս է, 3,4-րդը՝ նույնպես: Բոլորս պետք է հասկանանք՝ մենք պետք է միասնաբարև հաղթենք այս պատերազմում»,-ասաց Հրանտ Մարգարյանը՝ հավելելով, որ կամավորագրվել ցանկացողները կարող են գնալ Հանրապետություն 30 հասցե ու գրանցվել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս