2 կողմ և 3 դեմ ձայներով Երվանդ Խունդկարյանը պարտվեց. Ընտրությունը տապալվեց

Արդեն 3-րդ օրն է` ճգնաժամի մեջ հայտնված Սահմանադրական դատարանը (ՍԴ) չի կարողանում ընտրել նախագահ: Երեկվա դրությամբ` այդ պաշտոնի միակ թեկնածուն իշխանությունների կողմից լոբբինգ արված՝ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանն էր, ում վերաբերյալ, ի դեպ, հեղափոխական իշխանության կողմից ձևավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել էր, մեղմ ասած, բացասական եզրակացություն` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Խունդկարյանը նախկին է՝ ինչպես նախկին իշխանությունների կողմից բարձրագույն պաշտոնների նշանակված լինելու հիմքով, այնպես էլ՝ իր կողմից կայացված և դրա հիմքով դատական իշխանությունում հեղափոխություն անելու հիմք ստեղծած որոշումներով: Խունդկարյանը, ըստ էության, ունի բոլոր այն «հատկանիշները», որոնցով հեղափոխական իշխանությունը բնորոշում է դատական համակարգի նախկին ներկայացուցիչներին:

Թվում էր, թե իշխանության ՍԴ նախագահի նախընտրելի թեկնածու Վահե Գրիգորյանի համար ստեղծված էին բոլոր նպաստավոր պայմանները` նվիրական երազանքին վայրկյան առաջ հասնելու համար, սակայն պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը ՍԴ նախագահի նոր թեկնածու ունի՝ ի դեմս Երվանդ Խունդկարյանի, ում լոբբինգով զբաղված է ողջ իշխանական վարչակազմը:

Սա, բնականաբար, դուր չէր գալու իշխանությանն ամեն կերպ ծառայած և «քցված» Վահե Գրիգորյանին: Եվ այսօր բառացիորեն ժամեր առաջ նա հայտարարեց, որ ըստ էության դեմ է Խունդկարյանի թեկնածությանը, և, որ ՍԴ-ին նախագահի նոր թեկնածու է անհրաժեշտ: Սրանից կարելի է ենթադրել, որ Վահե Գրիգորյանը կամ չի մասնակցելու ընտրությանը, կամ դեմ է քվեարկելու Խունդկարյանին: Հիշեցնենք, որ Գրիգորյանը վերջին օրերին գիտակցելով, որ Փաշինյանի՝ ՍԴ նախագահի թեկնածուն ինքը չէ, այլ Խունդկարյանն է, ամեն կերպ փորձում էր այդ պաշտոնում առաջադրել իր մտերիմ ընկերոջ՝ ՍԴ դատավոր Արման Դիլանյանի թեկնածությունը, ինչն իրեն հնարավորություն կտար գոնե դե ֆակտո լինել ՍԴ «նախագահ» և վերահսկել իրավիճակը:

Կարծես թե Գրիգորյանի այդ պլանն էլ ձախողվեց:

Ամենայն հավանականությամբ՝ երեկ գիշերն ինչ-որ բան փոխվել է, և ՍԴ-ի շուրջ զարգացումները Գրիգորյանի կամ նրան կառավարող ուժերի սրտով չեն,  հակառակ դեպքում  ինչո՞ւ հենց երեկ նա թեկնածու չառաջադրեց:  Եթե գիշերը որևէ բան չի փոխվել իշխանությունների պլաններում, ապա Գրիգորյանը երեկ պետք է առնվազն թեկնածու առաջադրեր: Փոխարենը՝ նա այսօր ոտքը կախ է գցում լրագրողների մոտ, հարցազրույց է տալիս և հայտարարում, թե կարծում է, որ ՍԴ նախագահի նոր թեկնածու է պետք:

Ակնհայտ է դառնում, որ ՍԴ շենքից այսօր էլ «սպիտակ ծուխ» դուրս չի գալու, և այս անգամ՝ ոչ թե այն պատճառով, որ աշխատակարգային նիստն ընդմիջվում է, այլ՝ որովհետև ՍԴ նախագահի ընտրությունը քիչ առաջ տապալվեց:

2 կողմ և 3 դեմ ձայներով Երվանդ Խունդկարյանը պարտվեց՝ լինելով միակ թեկնածուն:

Կհաջողի՞ արդյոք Վահե Գրիգորյանն իր պլաններում, այն է՝  տապալելով Երվանդ Խունդկարյանի ընտրությունը և իր ընկերոջը՝ Արման Դիլանյանին դարձնելով գոնե ՍԴ նախագահի տեղակալ:

Ի դեպ, չի բացառվում, որ հենց Վահե Գրիգորյանի հանգամանքն էլ  պատճառ է դարձել, այսպես կոչված, նիկոլական ու տերպետրոսյանական թևերի միջև առաջացած ջրբաժանին: Վահե Գրիգորյանը ոչ միայն Տեր-Պետրոսյանի համակիրներից է, այլև նրա գլխավորած «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ակտիվիստներից:

Տեսանյութեր

Լրահոս