Մալիի պաշտպանության նախկին նախարարը դարձել է երկրի ժամանակավոր նախագահ
Մալիի պաշտպանության նախկին նախարար Բա Նդաուն անցումային ժամանակաշրջանում ստանձնել է նախագահի պաշտոնը՝ երկրում տեղի ունեցած զինվորական հեղաշրջումից հետո: Այդ մասին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Պաշտոնն ստանձնելու արարողությունը սեպտեմբերի 25-ին կայացել է երկրի մայրաքաղաք Բամակոյում: Երդմնակալության արարողությանը նաեւ ներկա է գտնվել գնդապետ Ասամի Գոյթան, որն ավելի վաղ նշանակվել էր երկրի փոխնախագահ: Նդաուն պետք է երկրի ժամանակավոր կառավարությունը գլխավորի առավելագույնը 18 ամիս: Այդ ժամանակաշրջանում երկրում պետք է կազմակերպվեն համընդհանուր ընտրություններ:
Մալիի զինվորականները քաղաքական առոջնորդների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ վարած բանակցություններից հետո սեպտեմբերի 12-ին հաստատել են երկրում «հիմնական օրենքը եւ անցումային ժամանակաշրջանի ճանապարհային քարտեզը»:
Կողմերը որոշել են, որ անցումային ժամանակաշրջանը կտեւի 18 ամիս, եւ կձեւավորի ժամանակավոր կառավարություն, ընդ որում՝ ժամանակավոր նախագահ կարող է դառնալ ինչպես քաղաքացիական անձը, այնպես էլ զինվորականը:
Սեպտեմբերի 25-ին Նդաուն նշանակվել է անցումային ժամանակաշրջանում նախագահ, իսկ Գոյթան՝ փոխնախագահ: Մալիում խռովությունն սկսվել էր օգոստոսի 18-ին մայրաքաղաք Բամակոյի մերձակայքում գտնվող ռազմաբազայում: Խռովարարները հայտարարեցին նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթին եւ վարչապետ Բուբա Սիսային ձերբակալելու մասին: Ավելի ուշ նախագահը հայտարարեց պաշտոնաթողության եւ խորհրդարանն ու կառավարությունը ցրելու մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: