Տաթևի վանք էքսկուրսիա էին տարել, ամբողջ ավտոբուսը վարակվել էր. Լուսինե Պարոնյան
«Վերջին շրջանում ունենք դեպքերի թվի աճ, որը կապված է սահմանափակումների վերացմանը: Թվում է, թե կարելի է վերադառնալ նախկին կյանքին, բայց այդպես չէ: Ցավոք, համավարակը շարունակվում է ամբողջ աշխարհում, այդ թվում և՝ Հայաստանում»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը՝ հորդորել լինել զգոն, պահել հակահամաճարակային կանոնները, կանխել իրենց ու շրջապատի մարդկանց վարակումը:
Հարցին՝ ճի՞շտ է, որ վերջին 15 օրում միայն ուսուցիչներն են թեստավորվել, ու դրա համար են դրական դեպքերը համեմատաբար քիչ, Լուսինե Պարոնյանը նշեց, որ ոչ, այդպես չէ, այնքան շատ չեն դրական դեպքերը, որ ազդեն ցուցանիշի վրա: Երբ հանում են ուսուցիչների դրական արդյունքները՝ տեսնում են թվերի աճ:
Հարցին՝ խելամի՞տ եք համարում, որ 6000 հոգու թեստավորել են, ովքեր չեն ունեցել կորոնավիրուս, պետությունը գումար է ծախսել, մեկուսացրել է հյուրանոցներում, իսկ շուրջ 12.000 մարդու, ովքեր վարակակիր են եղել, մեկուսացրել են տանը և ծախսել զրո դրամ, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետը պատասխանեց.
«Դա անիմաստ չի եղել, բուժական համակարգին պատրաստվելու հնարավորություն ենք տվել: Մենք մյուս երկրների նման թվերի աճ չունեցանք, մոտ 2 ամիս կարողացանք զսպել: Հսկայական աշխատանք կատարվեց, հետազոտում էինք բոլոր հիվանդներին, գտնում կոնտակտավորների ու կազմակերպում նրանց ինքնամեկուսացումը: Այն վարակակիրները, ովքեր չունեն բժշկական օգնության կարիք, պետք է տանը մնան և լինեն բժշկական հսկողության ներքո»:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսով վարակվածների թվերի աճին՝ բանախոսն ասաց, որ այն կանխատեսելի էր՝ կապված և՛ սեզոնի, և՛ սահմանափակումների վերացման հետ:
«Ճիշտ է, դեռ վաղ է եզրահանգում կատարել, բայց վերջին երկու շաբաթվա ընթացքում 6-17 տարեկանների շրջանում վիրուսով վարակվելու աճ չի նկատվել, ընդհակառակը, ավելի քիչ է եղել, եթե սեպտեմբերի առաջին կեսը և երկրորդ կեսը համեմատենք: Այս պահին մենք դպրոցների բացման հետ չենք կապում թվերի բարձրացումը: Հարսանիքների, հոգեհանգստի ժամանակ չեն պահպանվում կանոնները, դեպքերն աճում են: Վերջերս Տաթևի վանք էքսկուրսիա էին տարել, ամբողջ ավտոբուսը վարակվել էր, հետո այդ հիվանդը գնացել էր հոգեհանգստի, այնտեղ էլ էր վարակել, ու հիմա մենք Սիսիանում խնդիր ունենք»,- հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետը: