Տուն-տնով մրցույթներ՝ Արմավիրի մարզպետարանում

Արմավիրի մարզպետարանում, ըստ 168.am-ին հասած լուրերի,  2018 թ. հուլիսից մի շարք կարևոր պաշտոններ զբաղեցվում են ժամանակավոր պաշտոնակատարների կողմից, այդ թվում՝ կրթության, մշակույթի և սպորտի, քաղաքաշինության վարչությունների,​ ֆինանսական սոցիալ-տնտեսական զարգացման վարչության, հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահի և իրավաբանական բաժնի պետի։​

2020թ. մարտ ամսից թափուր էր նաև տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հետ​ աշխատանքների համակարգման վարչության պետի պաշտոնը, որտեղ պաշտոնակատար չէր նշանակվել, սակայն ողջ մարզում պտտվում էին տվյալ պաշտոնի հավանական թեկնածուի մասին խոսակցությունները:

Ի դեպ, հենց նա էլ հաղթող էր ճանաչվել սեպտեմբերի 18-ին մարզպետարանի կողմից կազմակերպված և անցկացված արտաքին մրցույթում։ Մրցույթին մասնակցել է 2 թեկնածու, իսկ հաղթողի անձն առավել քան կանխատեսելի է եղել՝ Արմավիրի տարբեր​ ​ մարզպետների՝ բավական «պատկառելի» ստաժով խորհրդական՝ Նվեր Պետրոսյանը։

168.am-ի տեղեկություններով՝ նա դեռևս​ մրցույթին նախապատրաստվելիս և մրցույթից​ հետո​ ​էլ ասել​ է, որ հարցերը շատ հեշտ են, և առանձնապես դժվարություն չի​ դրանց պատասխանելը:​

Ոչ պակաս կարևոր բնագավառների՝​ ​ իրավաբանական,​ քաղաքաշինության,​ հաշվապահական հաշվառման և​ կրթության, մշակույթի և սպորտի ապագա​ մարզային պատասխանատուների պաշտոնների նշանակման համար մարզպետարանը որոշել է անցկացնել ներքին մրցույթներ:

Որպեսզի հասկանալի դառնա, թե մարզպետարանում ինչո՞ւ են շահագրգիռ ներքին մրցույթների անցկացման հարցում, նկատենք, որ քաղաքացիական ծառայության ոլորտը կարգավորող ներկայումս գործող օրենսդրությամբ ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ հաստատության քաղծառայողները և կադրերի​ ​ ռեզերվում գտնվող անձինք:​

Այս​ 4​ մրցույթներից 3-ին​ ​ մասնակցելու հայտ են ներկայացրել հիմնականում տվյալ պաշտոնները ժամանակավոր աշխատանքային պայմանագրերով զբաղեցնող աշխատակիցները:

Եվ ընդհանապես, մարզում վստահ են, որ այդ մրցույթները կրում են ձևական բնույթ, քանի որ «ֆավորիտ»​ մասնակիցների համար անծանոթ չեն եղել և չեն լինելու թե​՛ ​ թեստավորման, և թե՛​ ​ հարցազրույցների փուլերի​ փոքրաթիվ​ քանակով ստեղծված հարցերը:

Եթե որոշ​ ​ բնագավառների​ նախընտրելի մասնակիցների​ մասնագիտական գործունեության​ կամ անձնային որակների վերաբերյալ վառ արտահայտված​ բացասական կարծիքներ չկան, ապա​ ​ ուղղակի անմխիթար է​ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատարի թեկնածության​ վերաբերյալ հասարակության արձագանքն Արմավիրի մարզում:

Կարծիքներ կան, որ​ օբյեկտիվ​ մրցույթ անցկացնելու և անծանոթ​ հարցաշարի դեպքում​ ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնող անձը​ որևէ կերպ չի​ կարողանա հաղթահարել թեստավորումը, իսկ բանավոր խոսքի մասին տպավորությունները չեն խամրել ոչ հեռավոր անցյալում մարզային հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցներից հետո:​

Ըստ Արմավիրի մարզպետարանի կայքում տեղադրված տեղեկատվության՝ 2020թ. սեպտեմբերի 25-ին մարզպետարանի շենքում տեղի են ունենալու իրավաբանական բաժնի և քաղաքաշինության վարչության պետերի մրցույթի հարցազրույցի փուլը, իսկ սեպտեմբերի 28-ին և 30-ին՝ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի և ֆինանսական, սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահի թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթների թեստավորման և հարցազրույցների փուլերը։

168.am-ը ներկա կգտնվի առաջիկա մրցույթներին՝ դրանց թափանցիկության մեջ համոզվելու համար, ինչպես նաև տեղում հասկանալու, թե ինչո՞ւ են այդ կարևորագույն պաշտոնների համար ներքին մրցույթներ կազմակերպվում և  անցկացվում:

Հասմիկ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս